Մոգերինին և Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Ադրբեջան լավ հնարավորություն է՝ քննարկելու Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հարցերը։ Ալիևն ընդգծել է, որ ներկայում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը կարևոր փուլում է: Ադրբեջանի նախագահը կարևորել է համագործակցության հետագա ծրագրերը։
Արձանագրելով փոխադաձ հետաքրքրությունը կապերի ընդլայնման, գործընկերության մակարդակի բարձրացման հարցում՝ վերջինս ընդգծել է այդ համատեքստում նաև դրական փոխըմբռնման կարևորությունը:
Ալիևը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության նոր ձևաչափ կմշակվի, որը կներառի տարբեր ոլորտներ:
Անդրադառնալով Ֆեդերիկա Մոգերինիի ելույթին «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի նիստում՝ Ալիևն ասել է, որ հակամարտությունների կարգավորումը, քաղաքական բարեփոխումները, էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես տարածաշրջանում ֆինանսական անվտանգությունը ու այլ հարցեր, կարևոր նշանակություն ունեն:
Մոգերինին, իր հերթին, ասել է, թե դա Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցության լավ ցուցանիշ է: Նշելով, որ իր ղեկավարած կառույցի ու Ադրբեջանի համագործակցությունը շարունակվելու է նոր շրջանակում, Մոգերինին ասել է, թե դրա համար պետք է ամուր հիմք լինի:
Նշելով, թե Ադրբեջանը գտնվում է բարդ տարածաշրջանում, Մոգերինին ընդգծել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության ռազմավարական մակարդակի հասնելու կարևորությունը, որը ձեռնտու կլինի երկու կողմերին։
Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վիճակն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցությանն ուղղված մի շարք հարցերի վերաբերյալ:
Հանդիպումն այնուհետ շարունակվել է առանձին ձևաչափով։