Մի դրվագ Մարտիրոս Սարյանի կյանքից
Հայ մեծագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրվա առիթով «Արմենպրես»-ն ընթերցողին է ներկայացնում Սարյանի կյանքից մի դրվագ, որը լավագույնս բնութագրում է Սարյան-մարդուն, հայ գեղանկարչության ապագայի նկատմամբ նրա հոգատարությունը։ Եվ այսպես, օրերից մի օր Մարտիրոս Սարյանը համաձայնում է գլխավորել Երևանի գեղարվե ստաթատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովը։ Քանի որ նա հանձինս դիմորդների տեսնում էր նաև հայ գեղանկարչության ապագա նվիրյալներին, ավագների գործը շարունակողներն, նա չափազանց բծախնդիր է մոտենում քննությանը և ամենևին էլ չի շռայլում բարձր գնահատակակները։ Ի վերջո, ավելի քան երեսուն դիմորդներից միայն մեկին է նշանակում գերազանց գնահատական։
Ուսումնական տարին սկսվելուց մոտ երեք ամիս անց նա հիշում է այդ քննության մասին և արվեստաբան Շահեն Խաչատրյանին, ով կամավոր ստանձնել էր Մարտիրոս Սարյանի քարտուղարի դերը, առաջարկում է գնալ գեղարվեստի ինստիտուտ։
-Շահեն, արի գնանք տեսնենք այն տղային, որին ես գերազանց գնահատական էի նշանակել։ Տեսնենք ում մոտ է ընկել։ Հանկարծ չփչացնեն տղային։
Գնում են։ Բնական է, ինստիտուտում իրար են խառնվում անսպասելի հյուրի գալուց։ Անմիջապես սեղանին երևում են զանազան մրգեր ու էլի ինչ-որ բաներ։ Իսկը սարյանական նատյուրմորտ…
-Ես հյուրասիրվելու համար չեմ եկել,- ասում է Վարպետը։- Եկել եմ տեսնելու, թե ինչպես է իրեն դրսևորում այն պատանին, որին ես գերազանց էի նշանակել, բայց նաև որի ոչ անունն եմ հիշում, ոչ էլ ազգանունը։
– Վարպետ, բա ինչպես գտնենք այդ տղային,- հարցրին դեկանատում։
-Իմ դրած գնահատականով։ Ես միայն մեկ հոգու եմ գերազանց նշանակել,-եղավ Սարյանի պատասխանը։
Ով հարկն է, ընկավ փնտրտուքի մեջ։ Քիչ հետո եկավ, ասաց տղայի անուն-ազգանունը, որ Ռոբերտ Էլիբեկյան էր, ապա նաև նշեց, որ նա չի ընդունվել ինստիտուտ։
– Ինչո՞ւ,- զարմանում է Սարյանը:
-Նա հայոց լեզվից քննություն չի հանձնել…
-Եղբայր, սա գեղարվեստի ինստիտո՞ւտ է, թե՞ բանասիրական ֆակուլտետ,- զայրույթն հազիվ զսպելով` ասում է Սարյանը և… հեռանում է ինստիտուտից։
-Այդ ընթացքում պարզվում է, որ Ռոբերտ Էլիբեկյանը եկել էր Թբիլիսիից։ Բարեբախտաբար, նրա գործերում կար նրանց թբիլիսյան հեռախոսի համարը։ Զանգահարում են այնտեղ։ Պատասխանում է Ռոբերտի մայրը և տեղեկացնում, որ Ռոբերտը զորակոչվել է բանակ։ Սարյանի վրդովմունքին չափ չկար։
Ամբողջ գիշեր վարպետը չի հանգստանում։ Առավոտյան նա Շահենին մի նամակ է տալիս, որպեսզի նա այն ուղարկի Մոսկվա։ Մարտիրոս Սարյանը նամակ էր գրել ԽՍՀՄ պաշտպանության նախարարին և խնդրել էր, որպեսզի վերջինս հնարավորություն ստեղծի Ռոբերտի համար Երևանում ծառայությունը շարունակելու: Բացի այդ, Վարպետը նախարարին խնդրել էր, որպեսզի Երևանում Ռոբերտին հնարավորություն տրվի գոնե շաբաթական երկու օր հաճախելու գեղարվեստի ինստիտուտի դասերին։
-Խորհրդային Միության մարշալ Անդրեյ Գրեչկոն, հարգելով ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանի խնդրանքը, Ռոբերտ Էլիբեկյանին ոչ թե տեղափողում է Երևան ծառայությունը շարունակելու, այլ ընդհանրապես ժամկետից շուտ զորացրում է։ Այդ մասին շարքային Ռոբերտ Էլիբեկյանն իմանում է գնդի շարահրապարակում, երբ պատրաստվում էր անցնելու զորամասի կարևորագույն օբյեկտների շուրջօրյա պահպանությանը։
…Մի քանի օր անց Ռոբերտ Էլիբեկյանը համալրում է գեղարվեստի ինստիտուտի առաջին կուրսեցիներին ցուցակը։
Արդյունքում մենք այսօր ունենք համբավավոր արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլզիբեկյան։
Դրանով, սակայն, չավարտվեց Մարտիրոս Սարյանի հատուկ ուշադրությունը երիտասարդ նկարչի նկատմամբ։ Երբ Ռոբերտ Էլիբեկյանն ավարտեց ինստիտուտը և իր համակուրսեցի Սեյրան Ղաթլամաջյանի հետ Երևանի ճարտարապետի տանն ունեցավ իր անհատական ցուցահանդեսը. երիտասարդ նկարիչների գործերի անդրանիկ ցուցադրանքին շնորհ բերեց Մարտիրւս Սարյանը։ Նա միայնակ չէր եկել։ Նրա հետ էին Երվանդ Քոչարը, Հարություն Կալենցը և Մինաս Ավետիսյանը։ Այդ օրը դիմելով Մինասին` Վարպետն ասաց.
-Մինաս, այս տղայի մասին էի քեզ պատմում։ Տարիքիս բերումով ես նրա հետ չեմ կարող ընկերություն անել։ Դու ընկերացիր նրա հետ, կարծում եմ, որ դուք ընդհանուր շատ բան ունեք։
Եվ նրանց ընկերությունը շարունակվեց մինչև Մինասի ողբերգական մահը։ Նրանք համատեղ ձևավորեցին Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, ինչի համար արժանացան Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։
Այսօր 75-ամյա Ռոբերտ Էլիբեկյանն ըստ արժանվույն համարվում է Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ժառանգորդը։
Ահա այսքանը Մեծն Սարյանի կյանքի այն մի հատիկ դրվագի մասին, ինչի շնորհիվ մենք ունեցանք Ռոբերտ Էլիբեկյան նկարչին։
Լևոն Ազրոյան