Բաժիններ՝

Ինչպես ամեն ինչ փչացավ

10 տարվա մեջ երևի առաջին անգամ ինձ թույլ կտամ հոդված գրել՝ ոչ թե «մենք»-ով, այլ՝ «ես»-ով։ Կկիսվեմ իմ անձնական սուբյեկտիվ մտքերով։ Ոչ թե այն պատճառով, որ իմ մտքերը մտքի գոհարներ եմ համարում, այլ որովհետև անկեղծության պակաս կա։ Անուններ չեմ տա. իմացողը կիմանա։

Սրանից մի քանի տարի առաջ Երևանում հարցազրույց արեցի մի տնտեսագետի հետ։ Լավ մասնագետ է, ապրում և աշխատում է արտերկրում՝ միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում։ Հայաստան մի քանի օրով էր եկել, հանդիպեցինք, զրուցեցինք։ Հարցազրույցը լավ ստացվեց։ Սուր քննադատության էր ենթարկել ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուներին, և շատ հիմնավոր կերպով։ Անձնական որևէ վիրավորանք չկար։ Թերթը («168 Ժամը») գտնվում էր արձակուրդում, և հոդվածը պետք է տպագրվեր մի քանի օրից։

Երկու օր անց այս մարդը կապվեց ինձ հետ և խնդրեց չհրապարակել հոդվածը։ Ասաց՝ գործատուի հետ խնդիրներ կծագեն։ Առաջարկեց ուրիշ ձև մտածել՝ կեղծանունով։ Պատասխանեցի, որ այդպես չի լինում. հարցազրույցն անոնիմ չի կարող լինել, հակառակը՝ այն պետք է հարգանք ու ճանաչում ունեցող մեկի հետ… Մի խոսքով, հարցազրույցը չհրապարակվեց։

Ափսոսում էի, որովհետև ասելիքն իրոք կարևոր էր, սակայն ըմբռնումով մոտեցա. նորմալ է՝ մարդը չի ուզում աշխատանքը կորցնել (չնայած ինձ միշտ զարմացնում էր, որ նա Ֆեյսբուքում իր անունից բավականին սուր գրառումներ էր անում)։ Ընթացքում պարբերաբար տարբեր հարցերի շուրջ քննարկումներ էինք ունենում, կարծիք էի հարցնում։ Մի խոսքով, նորմալ հարաբերություններ էին։

Կարդացեք նաև

Սակայն դա տևեց մինչև այն օրը, երբ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը կոչ արեց, որ ՀՀ քաղաքացիները բանկերի նկատմամբ պարտավորությունները չկատարեն։

Այսինքն, չկատարեն վարկային մարումները, քանի որ իրենք կգան իշխանության ու բանկային համակարգի թալանչիական գործելաոճին վերջ կդնեն (երևի հիշում եք)։

Ֆեյսբուքում այդ մասին գրառում արեցի։ Ասացի, որ հարգում եմ կոչի հեղինակին ու իր անցած ուղին, սակայն համարում եմ, որ այդ կոչը սխալ է։ Հիմնավորել էի, որ այդ կոչին հետևող մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդիկ փաստի առաջ են կանգնելու, եթե իշխանափոխություն չեղավ (ու չեղավ՝ ինչպես տեսնում եք)։

Չէ, հասկանում էի տրամաբանությունը։ Դա մտածված էր այնպես, որ կոչը լայն արձագանք ստանա, մարդիկ զանգվածաբար հրաժարվեն վարկային պարտավորությունները կատարելուց, բանկերը «պայթեն», սկսվի խուճապ, ճգնաժամը բանկային համակարգից դուրս՝ տարածվի նաև այլ հարթություններում ու հանգեցնի իշխանափոխության։ Իհարկե, նման կերպով իշխանափոխություն անելու գինը շատ թանկ կլիներ, սակայն իրենց իրավունքն էր՝ ինչ ճանապարհով գնալ։

Նույն կերպ մտածում էի՝ իմ իրավունքն էլ դիրքորոշում հայտնելն է։ Որովհետև սթափ դատողությունն ասում էր, որ կոչին հետևելու են քիչ թվով մարդիկ, իշխանափոխություն էլ չի լինելու՝ անկախ մեր ցանկություններից։ «Արդյունքը» լինելու էր այն, որ մի քանիսը սնանկանային ու զրկվեին ունեցվածքից։ Ու հարկ էի համարում ասել, որ պետք է ազնիվ լինել, ու ոչ թե իշխանափոխություն խոստանալ, այլ ասել, որ ցանկանում եք իշխանափոխության նրանց միջոցով հասնել։

Իմ ծանոթը, ում մասին հոդվածի սկզբում խոսում էի, շատ բուռն արձագանքեց այս գրառմանը։ Մեկնաբանությունների տեսքով ահագին թեժ բանավիճեցինք (առանց սահմաններն անցնելու), ամեն մեկս մնացինք մեր կարծիքին, ու անցավ-գնաց։
Հետո Բաղրամյանի ակցիան եղավ` «Ո՛չ թալանինը»։ Ու հանկարծ մի պահ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ այս մարդու գրառումներն այդ թեմայով աչքովս չեն ընկնում։ Անհավատալի էր, որ ինքը չարտահայտվեր։ Մտա իր էջ…

Ու պարզվեց՝ ինձ ջնջել է ընկերների ցուցակից։ Ադեկվատ, նորմալ մարդ, որ ամերիկյան ժողովրդավարության մեջ է ապրում, ջնջել է՝ իր հետ համակարծիք չլինելու համար։ Սա էլ դեռ ամենը չի։ Նայում եմ իր գրառումներն ու կոչերն այդ օրերին։ Խոսքերի մեջ հիմնականում ագրեսիա է ու վիրավորանք։ Մեկին դավաճան է անվանում, մյուսին՝ վախկոտ, երրորդին՝ ծախված, չորրորդին՝ հայհոյում բառի բուն իմաստով։

Կտրուկ քայլերի կոչեր է անում, ինչ-որ մարտավարական ցուցումներ տալիս։ Դրսից։
Հարցն ամենևին այն չէ՝ որքանով էր ինքը ճիշտ՝ թե՛ Բաղրամյանի ակցիայի ժամանակ, թե՛ վարկերը չմարելու կոչի։ Հարցն այն է, որ մարդը, ով իր աշխատատեղի համար անհանգստանալով՝ անգամ հարցազրույցից հրաժարվեց, կարող է այլոց կոչ անել՝ ռիսկի տակ դնել աշխատանքը, ազատությունը, առողջությունը, ֆինանսները… Այսինքն՝ ուրիշներին ռիսկի տակ կարելի է դնել, քանի որ նպատակը «վեհ» է։ Ու երբ այս մարդկանց ասում ես, որ մեթոդը սխալ է, քեզ համարում են այդ վեհ նպատակի դեմ պայքարող թշնամի։

Սա հիշեցի, քանի որ վերջերս կրկին առիթ եղավ բանկերի վարկերի թեմային անդրադառնալու։ Ինչ-որ մեկը քաղաքացիներին «հուշում» էր, որ հայաստանյան բանկերից մեկի նկատմամբ վարկային պարտավորությունը կարելի է չկատարել։ Բավականին ինտենսիվ էր հուշում՝ գրեթե ամենօրյա կտրվածքով։ Ի տարբերություն վերը նշված օրինակի, որտեղ նպատակին իրոք հավատում էի, այս մեկի իրական շարժառիթը շատ կասկածելի էր։ Սակայն, բնականաբար, այդ ամենը քողարկվում էր հայրենասիրական նպատակներով։

Չես արձագանքում, թեպետ ակնհայտ է՝ սխալ բան է կատարվում։ Բայց արձագանքի բացակայությունից ոգևորությունն աճում է ու արդեն հասնում վտանգավորության աստիճանի։ Տեսնում ես՝ մարդիկ կարող են կոնկրետ վնասներ կրել, ու այդ մասին արտահայտվում ես (հիմնավորումներով), և քեզ դարձնում են ոչ հայրենասեր։ Թեման մասնագիտականից փորձում են տեղափոխել այլ հարթություն, որ խաղալով մարդկանց զգացմունքների վրա՝ կեղծ անկետաներով հասարակական վերաբերմունքի պատրանք ստեղծեն ու քեզ սխալ հանեն։ Որ քեզ քաշեն կեղտոտ խաղի մեջ, դու էլ մի ֆեյք բացես, կայք բացես՝ անտեր, անհասցե, անպատասխանատու, հետքերդ թաքցնես ու սկսես սրա-նրա վրա ցեխ շպրտել՝ էկրանի ետևում թաքնված։
Իհարկե, ցանկության դեպքում կարելի է խորանալ ու պարզել, թե իրականում այդ վեհ նպատակների ետևում ինչեր են թաքնված։ Բայց ավելի կարևոր գործեր կան։ Հայտնի անեկդոտում հարցնում են՝ Վարդանի մականունն ինչո՞ւ է անորսալի, բռնել չի՞ լինում։ Պատասխանում են՝ լինում է, բայց ո՞ւմ է պետք Վարդանին բռնել։

Ու հիմա այլ թեմա է հասունանում։ Հիմա սկսել են խուճապ տարածել, թե այսինչ ֆինանսական կառույցի վիճակը վատ է, շուտով կպայթի, լավ կանեք՝ այդտեղից հանեք ձեր գումարները։ Սա դասական սխեմա է։ Եթե որևէ բանկի (թեկուզ՝ ամենաառողջ, ամենահզոր) բոլոր ավանդատուները միաժամանակ գնան ու ետ պահանջեն իրենց ավանդները, բանկն իրոք կպայթի։ Ու այդ պայթյունից կտուժեն ոչ միայն այդ բանկն ու դրա ավանդատուները, այլև խուճապը կտարածվի ամբողջ ֆինանսական համակարգի վրա։ Կտուժեն բոլորը։ Այս հնարքը կիրառվեց 2014-ի դեկտեմբերին, երբ դրամի մոտալուտ փլուզման մասին լուրերով խուճապ առաջացրեցին, ու սեփական շահերի համար մի քանիսը քիչ էր մնում իրոք փլուզեին ֆինանսական համակարգի կայունությունը։

Ու դու մտածում ես՝ ի՞նչ անել՝ արժե՞ մարդկանց աչքերը բացել, ասել, թե ինչ է կատարվում իրականում։ Հաշվի առնելով դառը փորձը՝ ինքդ քեզ հարց ես տալիս՝ ի՞նչ կարիք կա մտնել ուրիշի թեմայի մեջ։ Կողքից սրտացավ մարդիկ էլ են ասում՝ քեզ պե՞տք է թշնամի ձեռք բերել, ձևավորված հասարակական կարծիքին դեմ գնալ, մեղադրվել գործընկերների ոտքը տրորելու կամ պատվերով ինչ-որ մեկի շահերը պաշտպանելու մեջ։
Դու ներքուստ հավատում ես, որ ճիշտ քայլ ես ուզում անել, բայց… մտածում ես՝ լավ, թող ուրիշն անի։ Ուրիշն էլ է քեզ պես մտածում, երրորդն էլ։ Ոչ ոք ջուրը պղտորողների բերանը չի փակում։

Ժամանակն անցնում է, ու մի օր տեսնում ես, որ ամեն ինչ խառնվել է իրար։ Ջուր պղտորողը հերոս է ընկալվում, նրան կարգի հրավիրել փորձողը՝ ծախված։ Մարդիկ ոչ ոքի ասածին էլ չեն հավատում, բոլորի խոսքն արժեզրկվել է, անպատասխանատվությունը հասել է պիկին, վիրավորանքը դարձել է նորմ։

Ինչո՞ւ։ Քո ու քեզ պես մտածողների լռելու պատճառով։ Քո պատճառով։ Մնում է պարզել՝ սա ուղղել կլինի՞, թե՞ արդեն բանը բանից անցել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս