Բաժիններ՝

Ինչո՞ւ «Գազպրոմ-Արմենիան» չի գազիֆիկացնում Մեղրին և Ագարակը

Մեղրի կամ Ագարակ լրագրողների այցելությունների ժամանակ բնակիչները պարտադիր մի հարց են հնչեցնում՝ ե՞րբ են մեզ մոտ գազ «քաշելու»: Տարօրինակ է, բայց 95%-ով գազիֆիկացված մեր հանրապետությունում մինչ օրս Մեղրի ու Ագարակ քաղաքների բնակիչները զրկված են գազից օգտվելու հնարավորությունից: Եվ դա՝ այն դեպքում, երբ իրանական գազատարն անցնում է այդ տարածքով:

2011թ. Իրանը ՀՀ կառավարությանն առաջարկել էր աջակցել այս համայնքների գազիֆիկացման հարցում և տրամադրել 2 մլն դոլար դրամաշնորհ, ստորագրվել էր հուշագիր, սակայն ֆինանսավորման դադարեցման պատճառով աշխատանքները նույնպես կանգ էին առել։ Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը նպաստեց ծրագրի վերսկսմանը: Եվ այս ամսվա սկզբին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես հայտարարեց, որ Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստան։ Ծրագրի իրականացնողը իրանական «Սաներջի» ընկերությունն է։ Նախարար Երվանդ Զախարյանը խոստանում է, որ մինչև տարեվերջ գազի բաշխման ցանցը պատրաստ կլինի:

Թե ինչո՞ւ է հայկական համայնքների գազիֆիկացման խնդրով զբաղվում իրանական կողմը, և ոչ թե՝ ռուսական, և ինչո՞ւ «Գազպրոմ-Արմենիան» չի զբաղվում գազիֆիկացման խնդրով, պարզ չէ: «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ, եթե կան սպառողներ կամ սպառողների խմբեր, ովքեր ցանկություն ունեն գազիֆիկացնելու, ապա, քանի որ ոլորտը մենաշնորհային է, այդ աշխատանքը պետք է պարտադիր իրականացնի «Գազպրոմ-Արմենիան»:

Ա. Գրիգորյանը նշեց, որ, թեև իրանական գազատարն անցնում է այդ տարածքով, բայց իրանական գազ չի կարող բաշխվել այնտեղ, քանի որ իրանական գազը պետք է հասնի Երևան և վերածվի էլեկտրաէներգիայի, այսինքն՝ Հայաստանի սպառողներն ընդհանրապես իրանական գազ չպետք է ստանան. «Մյուս կողմից, իմ տեղեկություններով՝ իրանական գազը բնակչությանն են տալիս, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության համար ռուսական գազն են օգտագործում»:

Կարդացեք նաև

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերության գազիֆիկացման, գազամատակարարման ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է 2009-2010 թթ.:

«Ներդրումային ծրագիրը պետք է արդարացված լինի: Մենք այսօր ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք գազիֆիկացված չեն: Այսինքն՝ խնդիրը չպետք է դնել, որ մենաշնորհային է, պետք է «Գազպրոմ-Արմենիան» անի: Մենք առևտրային ընկերություն ենք: Օրինակ, եթե լեռնային որևէ գյուղում X ծավալի ներդրումների վերադարձը բնակչության սահմանափակ թվի և սահմանափակ ծավալի գազի սպառման պարագայում հնարավոր է միայն 100-150 տարվա ընթացքում, դա, իհարկե, շահավետ չէ: Բիզնեսի տեսանկյունից՝ ներդրումները պետք է տրամաբանական լինեն»,- ասաց Շ.Սարդարյանը:

Նա նշեց, որ գազիֆիկացման և գազամատակարարման նեդրումային ծրագրից դուրս մնացած համայնքները գազիֆիկացվում են այլ ծրագրերով՝ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության աջակցությամբ, նաև՝ համայնքների համաֆինանսավորմամբ: Շ.Սարդարյանի խոսքով՝ Մեղրին և Ագարակը «Գազպրոմ-Արմենիայի» ներդրումային ծրագրում ներառված չէին, բայց հարցն արդեն լուծված է, և առաջիկայում այնտեղ գազ կլինի: Ընկերության ներկայացուցիչը նաև նշեց, որ, եթե տվյալ տարածքում կա գազափոխադրող համակարգ, տարբերակում չի դրվում, թե որն է, և տեսականորեն հնարավոր է, որ իրանական գազատարից ճյուղավորում գնա այդ քաղաքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս