«Կադրերի բաժին N 168»-ում Արմեն Ամիրյանն է. «Մառլին և ես»
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ իր նախընտրած ֆիլմն է առաջարկում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանը: Նրա առաջարկով մեր ընթերցողներն առաջիկա հանգստյան օրերը կարող են անցկացնել ամերիկյան արտադրության «Մառլին և ես» («Marley & Me» David Frankel ) ընտանեկան տրագիկոմեդիայի ընկերակցությամբ:
Նյույորքցի ռեժիսոր Դեյվիդ Ֆրենկելի հեղինակած ֆիլմը նկարահանվել է 2008 թ. ԱՄՆ-ում: Գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Օուեն Ուիլսոնն ու Ջենիֆեր Էնիսթոնը:
Իր առաջարկած ֆիլմի մասին Արմեն Ամիրյանն ասում է. «Այս ֆիլմը մարդու և կենդանու սիրո և կապվածության, ընտանեկան մեծ սիրո և ջերմության մասին է: Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին այս ֆիլմը դիտելիս ես հասկացա, թե ինչ անհարմարություններ կարող է պատճառել «լաբրադոր» ցեղատեսակի շունը, այնուամենայնիվ, որոշեցի գնել հենց «լաբրադոր»: Եվ չնայած կրծոտած թանկարժեք կահույքին, պատառոտված թանկարժեք կոստյումներին, միևնույն է՝ մենք շատ ենք սիրում մեր շնիկին: Խորհուրդ կտայի ոչ միայն դիտել ֆիլմը, այլ նաև մտածել, որ ընտանիքում մեծացող երեխաներն անպայման պետք է շփվեն կենդանու հետ»:
Հատկանշական է, որ այս ֆիլմի հետ կապված գոյություն ունեն մի շարք հետաքրքրաշարժ փաստեր: Օրինակ, հայտնի է, որ ֆիլմի գլխավոր հերոսին՝ Մառլի շնիկին, ողջ նկարահանման ընթացքում մարմնավորել են 22 տարբեր շնիկներ: Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Օուեն Ուիլսոնի ծնողներին ֆիլմում մարմնավորել են նրա իրական ծնողները: Շնիկ Մառլիին անվանակոչել են ի պատիվ ջամայկացի հայտնի ռեգգի երգիչ Բոբ Մառլիի: Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հոնարարն այս ֆիլմում նկարահանվելու համար կազմել է, ո´չ ավել, ո´չ պակաս, 8 մլն դոլար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը