Թուրքիայում պետական գաղտնիքի հրապարակման համար կալանավորված ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիրը և Անկարայի թղթակիցն ազատ են արձակվել
Ընդդիմադիր Cumhuriyet թերթի երկու թուրք լրագրողները, որոնք կալանավորվել էին պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով, ազատ են արձակվել բանտից, հայտնում է BBC-ն:
Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը կալանավորվել էին 2015թ. նոյեմբերին ռեպորտաժի հրապարակման համար, որում ասվում էր, թե թուրքական իշխանությունները փորձել են սպառազինություն մատակարարել Սիրիայի իսլամիստներին:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նրանց դեմ մեղադրանքները խախտում են խոսքի ազատությունը:
Լրագրողներն ազատ են արձակվել այսօր առավոտյան: Նրանց բանտից դուրս գալիս ողջունել են իրենց բազմաթիվ համախոհները:
Թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը բանտում անցկացրել են 92 օր: Նրանց գործով դատական լսումները նշանակված են մարտի 25-ին:
«Սա դատ է ազատ խոսքի նկատմամբ: Մենք ազատ ենք արձակվել, բայց մեր ավելի քան 30 գործընկերները դեռևս գտնվում են բանտում: Հուսով եմ՝ այս որոշումը ճանապարհ կհարթի նրանց ազատության համար»,- հայտարարել է Դյունդարը:
Նրա խոսքով՝ ինքը կշարունակի մամուլի ազատության համար պայքարել այնքան ժամանակ, «քանի դեռ այդ համակենտրոնացած ճամբարը, որը տեսնում եք իմ մեջքը հետևում, չի դարձել թանգարան»: