Բաժիններ՝

Արդյոք Արծվիկ Մինասյանը ձեռնարկելո՞ւ է քայլեր՝ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիաներից ազատելու համար

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված քաղաքական համաձայնագրում հստակ ամրագրված են տնտեսական քաղաքականության նոր իրողությունները և հիմնական անելիքները, որոնք բխում են նաև սահմանադրական փոփոխություններից: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը: «Այն է՝ շուկայական սոցիալական տնտեսակարգի հաստատումը երկրում: Դա նշանակում է տնտեսական քաղաքականության՝ ոչ միայն հաստատված ծրագրերի շարունակություն, այլև նոր ծրագրերի ու տնտեսության հիմնարար, կառուցվածքային բարեփոխումների փաթեթի մշակում և ներկայացում:

Հետևաբար, առաջին կարևոր անելիքն այդպիսի ռազմավարական փաստաթղթի ստեղծումն է, երկրորդը՝ նախարարության գործառույթների հստակեցումը և դրան համարժեք պատասխանատվության ամբողջական կիրառումը: Երրորդը՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելությունները, հիմնախնդիրները բացահայտելը և լուծումներ առաջարկելը: Եվ վերջապես, չորրորդ հիմնարար ուղղությունը վերաբերում է ներդրումային քաղաքականության նոր մոտեցումների մշակմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հարցին՝ արդյոք ձեռնարկելո՞ւ են քայլեր՝ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիաներից ազատելու համար՝ հաշվի առնելով, որ որպես տնտեսության հիմնական խնդիրներից մեկը՝ նշվում են մոնոպոլիաները, որոնք այս կամ այն ձևով կապված են բարձր իշխանության ներկայացուցիչների հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նախ՝ ասեմ, որ դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված հակամենաշնորհային քաղաքականության պահանջն է: Այս մոտեցումն ամրագրված է նաև Դաշնակցության և Հանրապետական կուսակցության քաղաքական համաձայնագրում, այն բխում է նաև հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթից, և դա նշանակում է, որ մենք պետք է այս ուղղությամբ վերանայենք քաղաքականությունը, որից նաև պետք է բխեցնենք կոնկրետ մարմինների լիազորությունների հստակեցումը և կոնկրետ գործողությունները, գործիքակազմը»:

Նա նշեց, որ ներկայիս գործիքակազմը համալրվելու է նոր գործիքներով, նոր մոտեցումներով և ազատ, բաց շուկաների, արդար խաղի կանոնների մեխանիզմներով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս