«Տեսնո՞ւմ եք այստեղ ինչ-որ փուչիկներ». Արմեն Ռուստամյանը՝ իրենց նախատոնական տրամադրության մասին
«Ամեն ինչ էլ կհստակեցվի, հո թաքուն չե՞նք անելու, բոլոր հարցերն էլ հստակեցվելու են, ոչ մի հարց անպատասխան չի մնալու, ամեն ինչ հրապարակվելու է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով այսօր ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրի մասին:
Նա նշեց, որ հուշագիրն ընդգրկուն է, ներառում է հարց՝ ուղղված ապագային, ներքին և արտաքին բոլոր ոլորտներին: Նրա խոսքով՝ այս համագործակցությունը փակ դաշտ չի տեսնելու, նման հարց չկա, որ դուրս մնա այդ համագործակցության տեսադաշտից. «Չորս-հինգ էջի մասին է խոսքը գնում, այդ սահմաններում հարցերը գրված են»:
Հարցին ի պատասխան՝ խորհրդարանում ո՞վ է փոխարինելու Արծվիկ Մինասյանին, Ա. Ռուստամյանը հորդորեց սպասել: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե այդ հարցի շուրջ խմորումներ կան ՀՅԴ-ում, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Մամուլի հոգեվիճակն ինձ շատ է անհանգստացնում այս երկու ամիսների ընթացքում: Մի հատ վերլուծեք. ոչ մի բան էլ ճիշտ չի գրել մամուլը: Ինչ ասես՝ մոգոնվեց»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե՝ մամուլը ձեր հոգեվիճակի մասին է մտածում, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Ձեր հոգեվիճակի մասին մտածեք: Դուք այնքան սուտ ու զառանցանքներ տարածեցիք այս ընթացքում, որ ես սարսափում եմ, որ նման մամուլով ո՞ւր ենք գնում: Ամոթ չե՞ն անում այն մարդիկ, որոնք մինչև հիմա նման ստեր են խոսել»:
Հարցին, թե խմբակցությունում նախատոնական տրամադրությո՞ւն է, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Ի՞նչն է նախատոնական, տեսնո՞ւմ եք այստեղ ինչ-որ փուչիկներ»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՅԴ-ն զիջումների գնացե՞լ է, և եթե՝ այո, ապա ո՞ր հարցերում: «Բա, փոխզիջումներով է լինում, հո միայն մեկի ուզածով չի՞ լինում ու վերջանում, դա մի օրում գրված փաստաթուղթ կլիներ»,- պատասխանեց Ա. Ռուստամյանը:
Հարցին էլ, թե կուսակցության դրսի կառույցներն ինչպե՞ս են վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրին, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ՝ շատ նորմալ: «Ներսի կառույցներից պրծաք, հիմա էլ գնում եք դրսի՞ կառույցներին: Ես այս օրերին, երբ այդ հարցը քննարկվում էր, գտնվում էի ԱՄՆ-ում, որտեղ, իբր թե, ըմբոստություն էր, ժողովուրդը դուրս էր եկել շարքերից, բողոքում էր ղեկավարությունից: Ես այնտեղ եմ եղել, այս ամեն ինչի մասին խոսել եմ 300 հոգանոց դահլիճի առաջ, և ծափահարություններով են ընդունել»:
Նա նաև տեղեկացրեց, որ համագործակցության մեջ ժամկետներ չկան, հեռանկարին միտված հարցեր են:
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես հաստատեց, որ այսօր ստորագրվելու է հուշագիրը՝ օրվա երկրորդ կեսին, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ որ ժամին: Նա նաև չհստակեցրեց, թե ինչ ֆորմատով է լինելու հուշագիրը, միայն նշեց, որ այնքան էլ ծավալուն չէ:
Նշենք, որ հուշագիրը ստորագրվելու է նախագահական նստավայրում՝ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի միջև: