Վիեննայում սրճարանի առաջին տերերն ու Ավստրիայի հպարտ քաղաքացիները
Ավստրիայում 6-7 հազարանոց հայկական համայնքը ներկայացված է տեղի մի քանի խոշոր քաղաքների հասարակական, մշակութային, ինչպես նաև տնտեսական կյանքում: Վիեննայում հայերի հաստատման մասին վկայությունները դեռ 17-րդ դարի վերջերին են պատկանում: Սուրճի հարուստ ավանդույթներով հայտնի Վիեննայում առաջին սրճարանը պատկանել է հայի, ով, միապետներից թույլտվություն ստանալով, առաջինն է սուրճ ու թեյ ներմուծել Վիեննա: Ավստրիայում բնակվող հայկական համայնքի գործունեության, առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի հետ:
Նրա խոսքով` Ավստրիայում կա մեկ համայնք` եկեղեցական համայնքը, ու հայրեը համախմբված են եկեղեցու շուրջ, որն էլ ենթարկվում է Էջմիածնին և կոչվում Կենտրոնական Եվոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակություն, կենտրոնը Վիեննան է:
«Ամբողջ Ավստրիայում հաշվվում է մոտ 6-7 հազար հայություն և մեծամասնությունը` գրեթե 3-4 հազարը, ապրում են Վիեննայում: Համայնքներ ունենք Գրաց, Բրեգենց, Ինսբրուք քաղաքներում, բայց կենտրոնը Վիեննան է: Այստեղ գործում է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին, որին կից` Հովհաննես Շիրազ դպրոցը, ուր սովորում է 140 աշակերտ: Դպրոցում սովորում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հայրենագիտություն, երգ-պար»,-տեղեկացրեց Հայր Տիրանը:
Հարցին ի պատասխան, թե ինչ դերակատարություն ու ներկայացվածություն ունեն հայերը Ավստրիայի կյանքում` հոգևորականը նշեց. «Գրեթե բոլոր բնագավառներում հայերը ներկա են` գիտնականներ, փաստաբաններ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, մտավորականներ, արվեստագետներ: Հայկական ներկայությունը Ավստրիայում հիշատակվում է դեռևս 17-րդ դարի վերջից` 1683 թվականին, երբ թուրքերը Եվրոպան գրավելով եկան-հասան Վիեննայի մատույցները, այդ ժամանակ թուրքահպատակ հայեր եկան ու հաստատվեցին այստեղ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայր Տիրանն ուշագրավ է համարում այն, որ Վիեննայի առաջին սրճարանը հայի է պատկանել: «Վիեննան իր սուրճի ավանդույթներով ու սրճարաններով հարուստ քաղաք է: Այստեղ կարող ես 20-30 տեսակի տարբեր սուրճեր համտեսել, ու շատ հետաքրքրական փաստ է այն, որ առաջին սուրճ ներմուծողը Ավստրիա եղել է հայ: Այսօր քաղաքի կենտրոնում մի փոքրիկ սրճարան կա, որտեղ մտնելիս մարմարե տախտակի վրա կտեսնես` «Սա քաղաքի հնագույն սրճարանն է, պատկանել է Հովհաննես Դիոդատուր կամ Աստվածատուրին, այսինքն` Հովհաննես Աստվածատրյանին: Նա եղել է թուրքահպատակ, բայց ազգությամբ հայ, երբ եկել է Վիեննա, միապետներից խնդրել է թույլտվություն, որ կայսրության մեջ թեյ ու սուրճ ներուծի: Նա հատուկ կայսերական հրովարտակով այդ իրավունքը ստացել է: Նույն մարդը սուրճ է ներմուծել Պրահա, Բրատիսլավա ու Բուդապեշտ, փաստորեն այն ժամանակ մենատեր է եղել»,-նկատեց հոգևորականը` շեշտելով, որ Ավստրիայում ապրում ու գործում են առևտրականներ, ոսկերիչներ, բանկային համակարգում աշխատողներ: Ունենք բավականաչափ հայ ուսանողներ, հատկապես Հայաստանից, ովքեր բարձրագույն ուսումն են շարունակում երկրի համալսարաններում:
Տիրան աբեղա Պետրոսյանի գնահատմամբ` ավստրիացիները սկսել են խոսել Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին, և հիշատակման արժանի է այն, որ այդ թեմայով առաջին վեպը ծագումով հրեա, ավստրիացի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուր օրն» է:
Հայր Տիրանը տեղեկացրեց, որ առաջիկա ապրիլի 24-ին Ինսբրուք քաղաքի Կենտրոնական հրապարակում նախատեսում են տեղադրել Հայաստանից բերված խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ըստ էության խաչքարը նվիրատվություն է հայ համայնքի կողմից քաղաքապետարանին, որն էլ պետք է կանգնեցի այդ հուշարձանը: Նախատեսում ենք մեծ միջոցառում իրականացնել` Մայր տաճարում կլինի պատարագ, այնուհետև տեղի կունենա խաչքարի պաշտոնական բացման, օծան արարողությունը: Հրավիրված են լինելու նահանգապետը, քաղաքապետը, Ավստրիայում Հայաստանի դեսպանը, դիվանագետներ , եկեղեցական ներկայացուցիչներ»,-ասաց Տիրան աբեղա Պետրոսյանը:
Իսկ արդեն հաջորդ կիրակի կկայանան Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ծխական խորհրդի ընտրություններ: