Բաժիններ՝

ՀԷՑ-ը հաշվիչների խախտումները մարդկային գործոնով չի պայմանավորում. խնդիր կա ժամային գոտիների հետ կապված

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաշվիչների ցուցումների հետ կապված փետրվարին 220 բողոք է ստացել, որից 8-ն են հիմնավոր եղել: Այս մասին փետրվարի 23-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԷՑ-ի «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանը` տեղեկացնելով, որ վերջին երեք ամսվա ընթացքում 49 աշխատակից ազատվել է աշխատանքից, 39-ը՝ կարգապահական տույժեր են կրել: «Հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա: Մենք հանձնաժողով ենք կազմել, որն ուսումնասիրում է խնդիրը: Այստեղ հարց է առաջանում` արդյոք բաժանորդն է վնասներ կրում, թե ՀԷՑ-ը: Հաշվիչները խախտվում են ոչ մարդկային գործոնից ելնելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դավիթ Ղազինյանը:

Ի պատասխան Ղազինյանի դիտարկմանը, որ ՀԷՑ-ը միանշանակ աշխատում է հօգուտ բաժանորդի, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը նշեց, որ էլեկտրոնային հաշվիչների խախտումների բացահայտման համար ուսումնասիրություններ է կատարել Երևան քաղաքում, որի արդյունքում պարզվել է, որ հաշվիչների 70-80 տոկոսն աշխատում է ի վնաս քաղաքացու, որի արդյունքում քաղաքացին վճարում է իր սպառած էլեկտրաէներգիայից 5, անգամ 10 տոկոս ավելի, քանի որ էլեկտրաէներգիայի հաշվիչների համար գիշերային և ցերեկային ժամերի կարգավորման խախտում կա:

Իմանալով, որ երեկոյան 11-ից հետո հաշվիչն անցնում է գիշերային ժամանակի և սակագինը տասը դրամով պակաս է լինում, շատ էլեկտրասարքավորումներից օգտվում ենք գիշերային ժամերի, բայց փաստորեն ինձ մոտ գիշերային սակագինը աշխատում է գիշերը 12:30-ից հետո: Այսինքն` լինում է գերածախս, վճարում ենք ավելի գումար»,-ասաց Եփրեմյանը:

Իսկ «Հայաստանի սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ իրենք դիմել են ոչ միայն ՀէՑ-ին, այլև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: «Այս խնդիրը կա, կան շեղումներ ժամերի հստակեցման հետ կապված: Ժամերը պահպանվում են: Սա տեխնիկական խնդիր է, ուրիշ խնդիր չկա, իսկ տեխնիկական խնդիրներն ունենում են տեխնիկական լուծումներ, որոնք պետք է արագացնել, հասկանալի է, որ կան բարդություններ, սակայն դրանք կարելի է լուծել: Ես գիտեմ, որ ՀԷՑ-ը կարող է լուծել հ աշվիչների խնդիրները և բնակիչների վստահությունը վերականգնել»,- ասաց Պողոսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս