Ադրբեջանում սահմանապահը մարտական պահակակետում գնդակահարել է ծառայակցին
Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանային ծառայության զորամասերից մեկում ոչ մարտական իրադրությունում սպանվել է զինվոր Սանան Մեհթիզադեն:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին facebook-ի իր էջում գրառել է նրա եղբայրը` Քյանան Մեհթիզադեն:
Եղբոր խոսքով` Սանանը մարտական պահակակետում գնդակահարվել է իր ծառայակցի կողմից, որը նրա վրա 17 գնդակ է արձակել:
Սանան Մեհթիզադեն զինծառայության էր կանչվել 2015 թվականի հունվարին:
Իր հերթին, Ադրբեջանի սահմանային ծառայության մամուլի ծառայությունից «Թուրան»-ին հայտնել են, որ այդ առնչությամբ տեղեկատվություն չունեն:
Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 8 զոհ, 2 վիրավոր:
Ադրբեջանը ՊՆ-ը պաշտոնապես խոսոտովանել է 5 զինծառայողների մահը:
«Ազադլըգ» թերթի տվյալներով` Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական զինված ուժերը 3 հազարից ավելի զինծառայողներ են կորցրել: