Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանն ամենապահանջվածներից մեկն է լինելու
Իսպանական Fichajes պարբերականն այս անգամ անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Կայքը կարծիք է հայտնել, որ Մխիթարյանի նման ադամանդը լինելու է շատ պահանջված հատկապես՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Հայաստանի ազգային հավաքականի ունիվերսալ խաղացողը հիանալի մրցաշրջան է անցկացնում: «Բորուսիայի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսին:
Նախորդ մրցաշրջանը դորտմունդցիների համար աղետալի էր, բայց այս տարի նա վերածնունդ ապրեց: Մխիթարյանն այս վերածննդում ահռելի նշանակություն ունի:
Նա վաղուց արդեն արդարացրել է «Բորուսիայի» վարած մեծ գումարները:
Դորտմունդյան ակումբի աստղն ընթացիկ մրցաշրջանում խփել է 18 գոլ ու կատարել 22 արդյունավետ փոխանցում: Ստացվում է, որ նա մասնակցել է «Բորուսիայի» գոլերի 40 տոկոսին: Նա սկսեց փայլել այն ժամանակ, երբ իր պայմանագիրը մոտ է ավարտին:
Նա ունի 365 օր՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, ու կարող է ամռանը լինել տրանսֆերային պատուհանի ամենապահանջված ֆուտբոլիստներից Եվրոպայում: Շատ են այն ակումբները, ովքեր հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով:
Եթե Մխիթարյանը որոշի չմնալ «Բորուսիայում», ապա նրան ձեռք բերելու ջանքեր կգործադրեն մի քանի իսպանական ակումբներ»,- գրում է պարբերականը:
Սիրարփի Աղաբաբյան