
Ֆրանսիական իշխանությունները փախստականներին վտարում են Կալեից

Պա-դե-Կալեի դեպարտամենտի պրեֆեկտուրայում որոշել են, որ փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ը, հայտնում է korrespondent.net-ը:
Բոլոր փախստականները, որոնք կմնան ճամբարում այդ ժամկետից հետո, վտարվելու են, հայտնել են ֆրանսիական իշխանությունները: Այնուհետ հարավային մասը, որը կազմում է ողջ վրանային ճամբարի գրեթե կեսը, կքանդվի:
Իշխանությունների գնահատմամբ՝ դրա հետևանքով իրենց բնակության վայրը ստիպված կլինի փոխել 800-1000 մարդ: Իրավապաշտպանները, որոնք դեմ են մարդկանց տեղահանմանը, ենթադրում են, որ այն շրջանում, որը ենթակա է քանդման, բնակվում են կրկնակի ավելի շատ փախստականներ:
Նրանց առաջարկվում է բնակվել հատուկ բնակելի մոդուլներում: Դրանց կառուցման վրա իշխանությունները ծախսել են գրեթե 25 մլն եվրո:
Կալեի ճամբարում ներգաղթալների թիվը վերջին երկու տարում մի քանի անգամ ավելացել է: Ճամբարը վերածվել է մինի քաղաքի, որտեղ կան խանութներ, ռեստորաններ, կրոնական հաստատություններ ու անգամ՝ թատրոն: