
Մահացել է իտալացի աշխարհահռչակ գրող Ումբերտո Էկոն

Կյանքի 84-րդ տարում մահացել է իտալացի հայտնի պատմաբան, փիլիսոփա, գրող Ումբերտո Էկոն, ով առավել հայտնի էր իր «Վարդի անունը» վեպով, հայտնում է BBC-ն:
Նրա ընտանիքի ներկայացուցիչների խոսքով՝ գրողը մահացել է երեկ երեկոյան իր տանը: Այլ մանրամասներ գրողի մահվան մասին չեն հաղորդվում:
Ումբերտո Էկոն ծնվել է 1932թ. Թուրինից ոչ հեռու՝ Ալեսանդրիա քաղաքում: 1954թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջնադարյան փիլիսոփայություն ու գրականություն:
Իր առաջին վեպը՝ «Վարդի անունը», Էկոն հրապարակել է 1980թ.: Այդ գիրքը արդյունքում դարձավ նրա ամենահայտնի գրական աշխատանքն ու էկրանավորվեց 1986-ին: Ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորում էր Շոն Քոններին:
Նրա յոթերորդ ու վերջին վեպը հրատարակվել է 2015 թվականին: Էկոն գրողական գործունեությունը համարում էր իր կյանքի ամենևին էլ ոչ կարևոր մասը: «Ես փիլիսոփա եմ: Ես վեպեր եմ գրում միայն հանգստյան օրերին»,- ասում էր նա:
Նա մշակույթի տեսություն ու գեղագիտություն էր դասավանդում Միլանի, Թունինի ու Ֆլորենցիայի համալսարաններում:
Նա բազմաթիվ համալսարանների դոկտոր էր: Գրել է մեծ քանակությամբ էսսեներ փիլիսոփայությունից, լեզվաբանությունից, միջնադարյան գեղագիտությունից: