Հղի կնոջ մահվան դեպքով նախաքննությունը շարունակվում է. փորձաքննության եզրակացությունը չի ստացվել

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է բժշկական կենտրոնում մահացած հղի Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Արաքսյա Դանիելյանի ամուսինը՝ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Արցախ Քոչարյանը, հունվարի 17-ին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, որ իր հղի կինը «հարբուխ» ախտորոշմամբ 2015թ.. դեկտեմբերի 26-ին ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ նրան թոքերի հետ կապված 2 օր անընդմեջ բուժզննության է ենթարկել բժիշկ Անդրանիկ Պապոյանը, ով տեղեկացրել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ հաղորդման՝ բժիշկ Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների  ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «Երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո կինը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Կարդացեք նաև

Նշենք, որ հունվարի 20-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130  հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս