«Ախպերներ ջան, սաղ լավ ա, տղա ա». Սեդրակ Զատիկյանի սպանության դրդչի մասով գործով հարցաքննվեցին դատապարտյալները
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության՝ դրդչի մասով առանձնացված քրեական գործի քննությունը:
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Ն.Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2007թ. հուլիսի 9-ին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա հայտնաբերվել է 8 տարի անց՝ 2015թ. մայիսին։
Դատարանն այսօր հարցաքննեց սպանության գործով առավել վաղ քննված քրեական գործի շրջանակներում դատապարտված երկու դատապարտյալների՝ Լ. Ղևոնդյանին և Արթուր Հովհաննիսյանին: Երկու դատապարտյալներն էլ հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալուց: Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին նախաքննության ընթացքում նրանց տված ցուցմունքները, պաշտպանական կողմի միջնորդությամբ հրապարակվեցին նաև նրանց կողմից դատարանում տված ցուցմունքները: Լ. Ղևոնդյանը սպանության գործի շրջանակներում դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:
Որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ 2007թ., Լ. Ղևոնդյանը նշել էր, որ 2006թ. հունվարին խաղատանը, որտեղ աշխատել է՝ որպես մատուցող, ծանոթացել է տաքսու վարորդ Արթուր Հովհաննիսյանի հետ, որոշել են ամուսնանալ, սակայն սկզբնական շրջանում նրա հարազատները դեմ են եղել: Արթուր Հովհաննիսյանի միջոցով ծանոթացել է Արսեն Առուշանյանի հետ. վերջինս Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Մի քանի անգամ գնացել են Մալաթիա թաղամաս, Արսենն ասել էր, որ պետք է մի տղայի հանդիպի, նա իր հետ պայուսակ է վերցրել, որի միջից հագուստ էր հանում: Թե այլ ինչ կար պայուսակի մեջ, ինքը չի իմացել: Դեպքի օրը գնացել են Մալաթիա թաղամաս, Արսեն Առուշանյանը դուրս է եկել մեքենայից, իսկ ինքն ու Արթուր Հովհաննիսյանը սպասել են նրան: Որոշ ժամանակ անց Արսեն Առուշանյանը վերադարձել է, ասել, որ չի կարողանում հանդիպել այն տղային, որին պետք է տեսնի, միասին իջել են դեպի սեփական տները, նա մեծ տուն է ցույց տվել, որի դիմաց կանգնած է եղել սև գույնի մեքենա, իրեն ասել, որ իջնի մեքենայից, սպասի, մինչև մեքենայի տերը դուրս գա, և այդ մասին հեռախոսով հայտնի իրեն: Ըստ ցուցմունքի՝ Արսեն Առուշանյանն ասել է նաև, որ ուշադրություն դարձնի՝ արդյոք վարորդը մենա՞կ է, թե՞ ոչ, քանի որ չի կարողանում նրան միայնակ բռնացնել: Որոշ ժամանակ անց՝ հերթական անգամ երբ զանգել է Արսենին, որպեսզի ասի, որ ձանձրանում է և ուզում է վերադառնալ մեքենայի մոտ, և դեռ չէր խոսել, տեսել է, որ այդ մեքենան շարժվել է և ընթացել դեպի ներքև, ղեկին նստած է եղել մի տղա, կողքին ոչ ոք չի եղել: Հենց այդ ժամանակ էլ Արսենին ասել է, որ նա գալիս է և միայնակ է: Ինքը գնացել է դեպի Արթուր Հովհաննիսյանի մեքենան: Այլ վայրից մեքենան է նստել Արսենը, ով քրտնած էր, լարված էր: Մեքենայում ինքն Արթուրի պայուսակում զենք է տեսել: Դրանք տեսնելով և խոսակցությունը լսելով՝ հասկացել է, որ Արսենը մարդ է սպանել: Հետագայում Արթուրն իրեն ասել է, որ զենքը նետել են գերեզմանատանը: Իր ցուցմունքում դատապարտյալը նաև նշել էր, որ նախապես չի իմացել, որ Արսենը պետք է սպանի նրան, նա միշտ ասել է, որ պետք է խոսի նրա հետ, բայց չի կարողանում միայնակ բռնացնել, եթե իմանար, որ Արսենը պետք է սպանի այդ տղային, չէր կատարի նրա ասածը: Կինը նշել էր, որ անկեղծորեն զղջում է կատարվածի համար, ինքը հավատացել է, որ Արսենը պետք է հանդիպի տղային և զրուցի նրա հետ:
Ցուցմունքի հրապարակումից հետո դատապարտյալն ասաց, որ դրանում շատ հանգամանքներ կան, որոնք չեն համընկնում իր ասածի հետ: Սակայն մեղադրողի կողմից ցուցմունքի հիմնական հատվածների վերաբերյալ հարցերին տրված պատասխաններից պարզ դարձավ, որ հիմնական հատվածները, ըստ վկայի, համընկնում են: Ըստ վկայի՝ որոշ ժամանակ եղել են Արցախում, ապա՝ Սևանում, այդ ընթացքում ծախսերը հոգացել է Արսենը: Սպանության հետ կապված այլ տեղեկություն չունի:
Պատասխանելով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հարցին՝ վկան ասաց, որ Նարեկ Խաչատրյանին չի ճանաչում, Արսենի և Արթուրի խոսակցություններում Նարեկ Խաչատրյանի անունը չի հիշատակվել: Երբևէ չի լսել, որ խոսակցության ժամանակ Արսենն ասի, որ սպանության կատարումն իրեն պատվիրել են:
Դատաքննության ընթացքում ցուցմունք տալիս՝ դատապարտյալը նշել էր, որ ճանաչել է Արսեն Առուշանյանին, որի հետ ծանոթացրել է Արթուրը, երբ նա այցելել է իր աշխատավայր՝ խաղատուն: Մալաթիա թաղամաս մի քանի անգամ գնացել է Արթուրի հետ՝ ապառիկով կահույք գնելու համար: 2006 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում Մալաթիա թաղամաս չի գնացել: 2006 թ. հունիսի 22-ին Սեդրակ Զատիկյանի տան մոտ չի եղել, նրա տան տեղն ընդհանրապես չգիտի: 2007թ. հունիս թե հուլիս ամսին ինքն ու Արթուրը, գտնվելով Սևանում, զանգահարել են տուն՝ տեղյակ պահելու, որ իրենք մնալու են Սևանում, այդ ժամանակ սկեսուրը հայտնել է Արթուրին, որ Դատախազությունից եկել և հարցրել են իրենց, ցանկացել են տեսնել իրենց: Արթուրը խնդրել է մորը՝ իմանալ, թե ինչի են իրենց ցանկանում տեսնել, և վերջինս հայտնել է, որ Արսենը սպանություն է կատարել, և իրենք պետք է ներկայանան Դատախազություն: Սպանության մասին իմացել է Սևանում՝ սկեսուրի հետ խոսելուց հետո: Իրենք եկել են, ներկայացել համապատասխան մարմիններին՝ առանց իմանալու՝ ինչի համար: Իրեն՝ առանձին, Արթուրին՝ առանձին հարցրել են, թե որտեղից են ճանաչում Արսենին, ինչ շփումներ ունեն նրա հետ: Ինքը հայտնել է այն ամենը, ինչ որ հայտնեց դատարանում: Քննիչն իրենց բացատրել է, որ Արսենը ցուցմունք է տվել Արթուրի դեմ, իբրև նա է կատարել սպանությունը, և քանի որ այդ ժամանակ իր հեռախոսից զանգ է գնացել Արսենին, Արթուրին փրկելու համար, ապացուցելու համար նրա անմեղությունը, ասել է, որ պետք է գրի, իբր ինքն է զանգել Արսենին և ասել, որ այդ տղան դուրս է եկել տանից, բայց թե ինչ պետք է աներ Արսենը, ինքը ոչ մի բանից տեղյակ չի: Ինքն Արթուրին փրկելու համար համաձայնել է և գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել է քննիչը, ինչ-որ թղթեր է տվել ստորագրելու, որոնք առանց կարդալու՝ ստորագրել է: Դատարանը, սակայն, նրա այս ցուցմունքն անհիմն է համարել, և արժանահավատ է համարել նախաքննության ընթացքում նրա կողմից տրված ցուցմունքը:
Դատարանում հրապարակվեց նաև սպանության օժանդակության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Հովհաննիսյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքը: Նա ևս նշեց, որ Նարեկ Խաչատրյանին չի ճանաչել:
Նախաքննության ընթացքում, ըստ հարցաքննության արձանագրության, Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ 2006թ. ձմռանը ծանոթացել է Լ. Ղևոնդյանի հետ, որն աշխատելիս է եղել Ջրվեժի խաղատներից մեկում՝ որպես մատուցող: Իրենց հարաբերությունները մտերմացել են, և որոշել են ամուսնանալ: Սկզբում իր ընտանիքը դրան դեմ է եղել:
Ըստ հարցաքննության արձանագրության՝ դատապարտյալն ասել էր, որ դեռևս 1998թ. ճանաչում է Արսեն Առուշանյանին: 2006թ. հունվարին խաղատանը պատահաբար հանդիպել է Արսենին, որից հետո նրա հետ հարաբերությունները մտերմացել են: Սկսել են հաճախակի հանդիպել:
Մի օր Արսենն առաջարկել է իր տաքսիով իրեն տանել Մալաթիա: Նրան տարել է Մալաթիա, Բանգլադեշ, Լենինգրադյան փողոցից դեպի Մալաթիա իջնող սեփական տների թաղամասեր: Արսենն ասել է, որ մարդ է փնտրում: Դրանից հետո մի քանի անգամ ևս նրա խնդրանքով տարել է նույն երթուղով, կանգնել են Մալաթիայի Երկրապահների մասնաճյուղի մոտ, եղել են Սեդրակ Զատիկյանենց տան շրջակայքում, որի անձի մասին տեղեկացել է հետագայում: Որոշ ժամանակ, երևի մոտ մեկ ամիս անց, զրույցի ժամանակ Արսենն ասել է, որ մարդ է փնտրում, որն իր եղբոր արյունն է կերել և պետք է իր թասիբի համար արյուն թափի:
Արսենն ասել է, որ ինքնաձիգ ունի: Լուսինեի հետ վիճաբանություն է առաջացել՝ Արսենի հետ հաճախակի բացակայելու հարցով: Նրան հայտնել է, որ Արսենը մեկի հետ հարց ունի, պետք է հաշիվ լուծի նրա հետ: Դրանից հետո, քանի որ Լուսինեն արդեն գիտեր Արսենի մտադրության մասին, նրան էլ են վերցրել իրենց հետ և Սեդրակի երթուղին ճշտելու նպատակով՝ գնացել են Մալաթիա: Ըստ հարցաքննության արձանագրության՝ հունիսի կեսերին Արսենը եկել է Լուսինեի տուն՝ իր հետ բերելով սպորտային պայուսակը, որի մեջ եղել են ինքնաձիգ, կեղծամ, ձեռնաշղթա: Պայուսակն անձամբ պահել է տանիքում, սակայն դրա մասին Լուսինեն չի իմացել: Դրանից հետո, երբ մեքենայով գնացել են Մալաթիա, ամեն անգամ Արսենն իր հետ վերցրել է ինքնաձիգով պայուսակը, որպեսզի հարմար առիթի դեպքում իրականացնի Սեդրակի սպանությունը:
Ըստ ցուցմունքի՝ դիտարկումների օրերին իր ներկայությամբ Արսենը բազմիցս խոսել է ինչ-որ մարդկանց հետ, որոնց ներկայացրել է՝ որպես իր «ախպերներ», ասում էր, որ նույն թասիբի հարցն է, և նրանց հետ խոսելիս ասել է՝ «ախպեր չի ստացվում, լավ կլինի», և այլն: Հասկացել է, որ այդ մարդիկ ևս շահագրգիռ էին Սեդրակի սպանության հարցում:
2006 հունիսի 22-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ինքը, Լուսինեն և Արսենը միասին դուրս են եկել տանից և իր ավտոմեքենայով նորից գնացել Մալաթիա: Նախապես Արսենն իր հետ վերցրել է ինքնաձիգով պայուսակը: Արսենին իջեցրել են, իջնելիս նա իր հետ վերցրել է ինքնաձիգով պայուսակը: Իջնելուց առաջ Արսենը, դիմելով Լուսինեին, ասել է՝ «քուր ջան, խնդրում եմ, դու դրանց տան մոտ կանգնի, հենց որ մեքենայով շարժվի, ուղղակի զանգի ինձ ասա, ոչ մի բանի հետ գործ չունես»:
Արսենի իջնելուց հետո, քիչ վերև, դեպի Սեդրակենց տուն գնացող ճանապարհին իջեցրել է նաև Լուսինեին: Դրանից հետո մեքենայով գնացել և կանգնել է Լենինգրադյան փողոցի մոտ: Ավտոմեքենայում սպասել է երկուսից երկուսուկես ժամ: Երբ կանգնած է եղել Լենինգրադյան փողոցի մոտ, նկատել է, որ դեպի իրեն է գալիս Լուսինեն: Նախքան Լուսինեի մեքենա նստելը, հեռվից լսվել են կրակոցի ձայներ: Արսենը, նստելով ավտոմեքենան, ասել է՝ սպանեցի, արյունս հանեցի: Արսենը եղել է խառնված վիճակում: Գնացել են Ջրվեժ: Ճանապարհին Արսենը զանգել է ինչ-որ անձնավորության և ասել՝ «ախպերներ ջան, սաղ լավ ա, տղա ա»:
Արսենի հետ մեքենայով գնացել են պայմանավորված վայրը: Մի տղա Արսենին փաթեթ է փոխանցել, իսկ Արսենն այն դնելով գրպանը՝ վերադարձել ու նստել է մեքենան: Այնուհետև Արսենը գրպանից հանել է 100 դոլարանոց թղթադրամների մեկ փաթեթ, դրա միջից հաշվել և իրեն է տվել 2.000 դոլար: Ըստ հարցաքննության արձանագրության՝ ինքը հասկացել է, որ այդ դոլարի փաթեթը քիչ առաջ հանդիպած տղան էր հանձնել, և մտածել՝ դա սպանության կայացման դիմաց վարձատրություն էր:
Նա խնդրել էր ճիշտ գնահատել Լ. Ղևոնդյանի արարքը, նրան իրենք են շահագործել: Նա այսօր պնդեց դատարանում տված ցուցմունքը, որում ներկայացրել էր, թե ինչպես է ծանոթացել Արսեն Առուշանյանի հետ: Ապա հայտնել, որ տեղեկանալով, որ գտնվում է հետախուզման մեջ, ներկայացել է Դատախազություն:
Դատարանը հաջորդ դատական նիստի ընթացքում կհարցաքննի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանին: