Դմիտրի Մեդվեդևն ընդունել է Տիգրան Սարգսյանին՝ հաջողություններ մաղթելով «դժվարին, սակայն հետաքրքիր աշխատանքում»
Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Մեդվեդևը հիշեցրել է, որ վերջին անգամ ինքը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է այն ժամանակ, երբ նա դեռ գլխավորում էր Հայաստանի կառավարությունը:
«Հիմա դուք ղեկավարում եք վերազգային մարմին, որը ղեկավարում է մյուս կառավարությունների գործունեությունը, այն է՝ Եվրասիական կոլեգիան»,- շարունակել է ՌԴ վարչապետը:
Նա հաջողություններ է մաղթել Սարգսյանին՝ նման աշխատանքն անվանելով «դժվարին, սակայն հետաքրքիր՝ ուղղված ինտեգրմանն ու մեծ արդյունքներ գրանցելուն, որը շահավետ կլինի ԵՏՄ բոլոր անդամ երկրների համար»:
«Մենք, ամենայն հավանականությամբ, բազմաթիվ շփումներ կունենանք, ու հաշվի առնելով այն, որ կոլեգիայի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում, ու կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնք կիրականացվեն կառավարությունների ղեկավարների ու երկրների նախագահների մակարդակով: Դրանցից մեկը շատ շուտով տեղի կունենա»,- հայտարարել է Մեդվեդևը՝ կոչ անելով նրան՝ համատեղ լուծել Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական բեռների տարանցման խնդիրը:
«Հիմա ես խորհրդատվություններ էի անցկացնում նաև Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գործընկերների հետ: Գիտեք, որ Ուկրաինայի հետ խնդիրներ են ծագել՝ կապված մեր բեռների տարանցման հետ, որոնք անցնում են այդ երկրի տարածքով: Մենք ստիպված ենք նման քայլեր ձեռնարկել: Այդ ամենը նույնպես ընկնում է այն հարցերի քննարկման շրջանակում, որոնք հարկավոր է համաձայնեցնել ԵՏՄ-ի շրջանակում»,- ասել է Մեվեդևը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է լիարժեք աշխատանք կատարել կոլեգիայի նոր կազմի հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք հիմա արդիական են: Խոսքը մասնավորապես այն նորմատիվային բազայի կատարելագործման մասին է, որտեղ կուտակվել են բազմաթիվ՝ ընդունմանն ու համաձայնեցմանը պատրաստ փաստաթղթեր:
«Հարկավոր է հանգուցալուծում որոնել ամենատարբեր, հաճախ՝ շատ դժվարին իրավիճակներում, որոնք ծագում են ԵՏՄ-ի տնտեսական կյանքում, ինչպես նաև՝ կապված այլ խնդիրների հետ»,- հայտարարել է Մեդվեդևը:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին իրեն ցուցաբերված վստահության համար ու նշել է, որ կան լուրջ սպասումներ ԵՏՄ երկրների կողմից, քանի որ քաղաքացիներն ու բիզնեսը սպասում են իրական արդյունքների ինտեգրման:
«Մենք պետք է ցուցադրենք, որ ինտեգրումը գործում է, ու դա հավելյալ խթան է ինտեգրման գործընթացների համար: Ու, իհարկե, ձեր աջակցությունն անխոս կօգնի ձեզ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ նրա համար, որ Դուք ասացիք, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական, սա անկասկած կօգնի բազմաթիվ հարցեր լուծել, որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: