Բաժիններ՝

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 8.5 տոկոս

2016 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%:

2016 թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%: Գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազմամբ և արտաքին հատվածից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությամբ:

Արտաքին հատվածում վերջին շրջանում արձանագրված միտումներն էապես չեն փոխվել. համաշխարհային տնտեսությունն աճել է համեմատաբար դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակվել է գների նվազումը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչը ներքին գների վրա կշարունակի ունենալգնանկումային ազդեցություն:

2015 թ-ի տնտեսական աճը գնահատվում է 3.2%-ի շրջանակներում, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Չնայած տարվա ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունն իրականացրել են խթանող քաղաքականություններ, այնուամենայնիվ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում ՀՀ տնտեսությունից և արտաքին հատվածից գնաճային էական ճնշումներ չեն ակնկալվում, որի ներքո կպահպանվի թույլ գնանկումային միջավայրը: Ներկա տնտեսական իրավիճակում ցածր գնաճը կնպաստի եկամուտների գնողունակության պահպանմանը, ինչպես նաև գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը: Ընդ որում, դեռևս պահպանվող համեմատաբար բարձր գնաճային սպասումների պարագայում` նվազման ուղղությամբ գնային կոշտությունների և դոլարայնացման ավելացման ռիսկի ներքո ԿԲ խորհուրդը կարևորում է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կպահպանվի ցածր գնաճային միջավայր, այնուհետև, պայմանավորված 2015 թ-ից շարունակվող դրամավարկային պայմանների զգալի թուլացմամբ, այն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 10% և 7%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 26-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016թ. առաջին եռամսյակի ծրագրում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս