«Գրիբոյեդով» ակումբը կհյուրընկալի Պուտինի հերթական քարոզչին
Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմք Դմիտրի Կիսելյովի կողմից համակարգվող «Գրիբոյեդով» ակումբը կանցկացնի այս տարվա առաջին հավաքը: Առաջիկայում ակումբը, որի կազմում հայաստանյան հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ են, կհյուրընկալի ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայտնի ռուս գեղասահորդուհի Իրինա Ռոդնինային: 168.am-ի տեղեկություններով՝ գեղասահքի օլիմպիական եռակի, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան Երևանում է լինելու այս ամսվա վերջին` փետրվարի 29-ին:
Գաղտնիք չէ, որ ակումբի հյուրի պատվին, ըստ ավանդույթի, արժանանում են միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության ջատագովները: Հայաստանում իր գործունեության ողջ ընթացքում Դմիտրի Կիսելյովը հայաստանյան գործիչների հետ չի կազմակերպել հանդիպում ռուս որևէ ընդդիմադիր գործչի կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող վերլուծաբանի հետ: Իրինա Ռոդնինան ևս բացառություն չէ: Մասնագիտական կարիերայի ավարտից հետո գեղասահորդուհին ուժերն է փորձում քաղաքական դաշտում` առաջ մղելով պուտինյան քաղաքականությունը և «մարտեր վարելով» Ռուսաստանի ընդդիմադիր գործիչների հետ: Վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում նա հայտնվում է իր հակաարևմտյան հայտարարություններով և աղմկահարույց միջադեպերով: Հիշեցնենք, որ «Գրիբոյեդով» ակումբի հավաքներն անցկացվում են ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են հատուկ այդ հանդիպման համար։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը: Ընթրիքներն ուղեկցվում են հարցուպատասխանի ձևաչափով: Ակումբի վերջին հյուրերն են եղել ռուս ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն և ՌԴ Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը: