Արմեն Երիցյանը հաշվետվություն է ներկայացրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր և Շիրակի մարզերում): Իրականացվել են շուրջ 28 դպրոցաշինության, 38 ճանապարահաշինության, 46 նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, 20 մշակութային, 39 ջրամատակարարման, 28 գազամատակարարման և այլ ծրագրեր:

Նախարարը հայտնել է, որ «Գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարված առաջին դրամաշնորհային մրցույթի  արդյունքում ընտրվել են 8 ծրագրեր, որոնք իրականացվելու են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի և Վրաստանի Սամցխե–Ջավախեթի և Քվեմո-Քարթլի տարածաշրջանների միջև տեղական իշխանությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով` աջակցելու շահառու համայնքներին մշակել համընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համատեղ լուծումներ:

Արմեն Երիցյանը նշել է, որ 2015թ. ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերանայման խնդրանքով միգրացիոն պետական ծառայության կողմից ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկվել 7826 դիմում, որոնցից  պատասխան  է  ստացվել 7091-ի վերաբերյալ: Դրական պատասխանների թիվը կազմել է  54%-ը, մերժում ստացած դիմումներից 697-ն առնչվել է դատական կարգով վտարման դեպքերին:

Ըստ նախարարի, 2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 999.506 զանգ:

Տեղեկացվել է նաև, որ Հայպետհիդրոմետի համակարգի  47  օդերևութաբանական կայաններում,  7  գետավազանային  հիդրոլոգիական կայանների 95 ջրաչափական դիտակետերում շարունակվել  է  հիդրոօդերևութաբանական  դիտարկումների  գործընթացը: Հիդրոլոգիական կանխատեսումների արդարացման աստիճանը կազմել է տասնօրյակային կանխատեսումներինը` 96%, ամսական կանխատեսումներինը` 94%:

Անցած տարվա սկզբին նախարարության կողմից մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր  Լոռու, Սյունիքի և  Տավուշի մարզերի որոշ համայնքներում, ինչպես նաև անցկացվել տեղական հանրաքվե:

Դրական գնահատելով նախարարության 2015թ.  գործունեությունը ՝  վարչապետը նշել է, որ անցած տարի  լուրջ աշխատանք է իրականացվել  և արտակարգ իրավիճակների,  և տարածքային կառավարման ոլորտներում: Գործադիրի ղեկավարը կարևոր և հաջողված բարեփոխում է համարել համայքների խոշորացումը:

 

Տեսանյութեր

Լրահոս