«Բնակչությունը նվազել է, բայց աճել է ընտրողների թիվը». Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Սահմանադրական հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները:
Նախ՝ նա նշեց, որ նման մոնիտորինգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1995թ. մեզ մոտ ընտրությունների ժամանակ անընդհատ եղել են կեղծիքներ, ու ըստ նրա՝ դրանց և այլ հանցավոր երևույթների պատճառով ընտրությունների ու հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել, ինչի արդյունքում հասարակության վստահությունը նվազել է:
Նաև նշեց, որ մոնիտորինգի համար օգտագործվել են պետական մարմինների տվյալները, և ըստ դրանց՝ 2011թ. համեմատ՝ բնակչությունը նվազել է, բայց, միևնույն ժամանակ՝ աճել է ընտրողների թիվը.
«Տվյալներից երևում է, որ ունենք բնակչության նվազում և, միևնույն ժամանակ, 55 հազար 846 ընտրողով ավելացել է: Սա շատ մեծ ռեսուրս է բազմակի քվեարկության համար: Ստացվում է՝ մշտական բնակչության 85 տոկոսն ընտրացուցակներում է, իսկ ըստ դեմոգրաֆիական տվյալների՝ մոտ 70-72 տոկոսն է տասնութ տարեկանից բարձր: Այստեղ մեկ ուրիշ ռիսկ էլ կա, որ նաև ֆիկտիվ անուններ լինեն»:
Նա նշեց, որ որոշ դեպքերում որոշակի քաղաքներում կա նաև այլ խնդիր՝ մշտական բնակչության թիվն ավելի փոքր է, քան ընտրողների թիվը, օրինակ՝ Վանաձորում, Գյումրիում. «Գյուղական շրջաններում այդ պատկերը չկար: Կային հասցեներ, որտեղ բավականին մեծ թվով ընտրողներ էին գրանցված: 13 հասցե կար, որ 100-ից ավելի ընտրող էր գրանցված: Ոստիկանությունն ասում էր, որ ծերանոցներ են, և այլն, բայց պետք էր գնալ տեսնել՝ արդյո՞ք այնտեղ 120 ընտրող կա, թե՞ ոչ: 10 հազար 854 հասցե կար, որտեղ կային տասը և ավելի ընտրողներ»:
Նա ասաց, որ մյուս խնդիրը կապված է քվեարկության գրանցման տևողության հետ. «40 վայրկյանից ավելի արագ հնարավոր չէ գրանցվել, և բավականին տեղեր կային, որտեղ երբ հաշվարկում էինք, 3 ժամվա ինտերվալում լինում էր պատկեր, որ 40 վայրկյանը գերազանցվել է, այսինքն՝ 40 վայրկյանից արագ է եղել գրանցումը»:
Վ. Հոկտանյանը նաև անհրաժեշտ համարեց ստուգել, թե արդյոք հասցեներ չունեցող ընտրողները ֆիկտի՞վ են, թե՞ ոչ, քանի որ, ըստ նրա՝ 4611 ընտրող կա, որոնք հասցե չունեն: