«Հստակ երևում էր, որ նախագահը նախապատվություն չի տալիս միայն ՀՀԿ-ին». Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթն ուղղված էր բոլորին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Գ. Իսագուլյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀԿ-ն պարտավոր է ցույց տալ, որ Սահմանադրությունը որոշակի ազդակ է ստեղծում իրավիճակը փոխելու համար:
«Ինձ համար շատ հետաքրքիր է օրը՝ փետրվարի 12-ը, եթե հիշում եք՝ անցյալ տարի նախագահն ունեցավ ելույթ, որը շատ արագ ունեցավ հետևանքներ և արդյունքներ: Ու ՀՀԿ որևէ ներկայացուցիչ հետ չէր մնում այդ ելույթն ի կատար ածելու: Անցել է մեկ տարի, ՀՀ նախագահը նորից ելույթ ունեցավ: Հետաքրքիր է լսել ՀՀԿ ներկայացուցիչների ելույթները, եթե դրանք զուտ նրա համար են, որ ասեն՝ ինչ լավ բաներ է ասել նախագահը, դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին՝ ՀՀԿ-ի համար: Բայց ես ուզում եմ հավատալ այն թեզին, որ անցյալ տարվանից հետո՝ միանգամից տեսանք հետևանքները, հիմա էլ ՀՀԿ ներկայացուցիչները կանցնեն կոնկրետ գործողությունների»,- նկատեց Գ. Իսագուլյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, ու խիստ գնահատականներ հնչեցրեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին, որից հետո վերջինս հրաժարվեց ԲՀԿ ղեկավարի իր պաշտոնից:
Ըստ Գ. Իսագուլյանի՝ եթե նախագահի ելույթում ամեն ինչ ասվել է անկեղծ, դրան պետք է հաջորդեն գործողությունները. «Նրանք, ովքեր օրենքի առաջ արտոնյալ են, ինքն ասաց, որ այլևս արտոնյալներ չեն լինելու, սա հետևել է սահմանադրական փոփոխություններին»: Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա նույն օրվա նախագահի ելույթը պառակտեց ընդդիմադիր դաշտը, և «հիմա մեկ տարի հետո նախագահը գուցե որոշել է գնալ միավորման, որը կտա լուծում խնդիրներին»:
Հարցին՝ նախագահի այս ելույթից հետո կարո՞ղ է որոշակի լարվածություն առաջ գալ ՀՀԿ-ում, հնարավո՞ր է՝ սերնդափոխություն լինի, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ պետք չէ ուրիշ կուսակցության մեջ սերնդափոխության հարցը դարձնել մեր քննարկման հարցը. «Բնականաբար, միշտ հին սերունդը փորձում է պահել իր դիրքերը, նորն ուզում է գա: Կարևոր է այն թեզը, որը կա ելույթում՝ միակուսակցական համակարգը պետք է իր տեղը զիջի բազմակուսակցական համակարգին: Հստակ երևում էր, որ նախագահը նախապատվություն չի տալիս միայն ՀՀԿ-ին, կոալիցիայի մասին խոսակցություններն ընտրություններից առաջ ցույց են տալիս, որ նախապատվությունը միայն ՀՀԿ-ին չի տրվելու»: