«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պատերազմը Սիրիայում դեռ նոր է սկսվելու». Արաքս Փաշայան

168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը 

Տիկին Փաշայան, թեև մյունխենյան վեհաժողովում ԱՄՆը ու Ռուսաստանը համաձայնության եկան Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, բայց, ըստ էության, կրակի դադարեցումը չի վերաբերելու «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալՆուսրա» և ՄԱԿի ահաբեկչական կառույցների ցուցակում ընդգրկված այլ կառույցներին, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց, որ ռուսական ավիահարվածները շարունակվելու են: Երեկ Սիրիական կառավարական բանակը հաջողություններ գրանցեց Հալեպ նահանգում, իսկ սիրիական խմբավորումները հայտարարեցին, թե չեն դադարեցնի ռազմական գործողությունները, քանի որ չեն հավատում, թե Ռուսաստանը կդադարեցնի ռմբակոծությունները ու չի աջակցի իշխող ռեժիմին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ընթացք կունենան այս խժդժությունները, ու ի՞նչ սպասենք առաջիկայում: Ահաբեկչական կազմակերպությունները կշարունակե՞ն իրենց ակտիվությունը Սիրիայում:

– Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պատերազմը Սիրիայում դեռ նոր է սկսվելու: Իրականում շոշափելի հաշտության եզրեր այսօր չեն ուրվագծվում ո՛չ ներսիրիական դաշտում, և ո՛չ էլ սիրիական խնդրում ներգրավված միջազգային մասնակիցների շրջանում: Շատ իրարամերժ են կողմերի մոտեցումները, հակամարտության մեջ ներգրավված ուժերը շատ են՝ տարբեր օրակարգերով, կողմերի գնահատականները միմյանց նկատմամբ նույնպես հակասական են: Հակամարտության մեջ ներգրավված Թուրքիան, օրինակ, կարող է կասեցնել նույն քրդական «Ժողորդավարական միություն» կուսակցության մասնակցությունը բանակցային գործընթացին, ինչը բացասական իրողություն է: Այս ամենը, իմ պատկերացմամբ, քաոսային իրավիճակ է ստեղծում սիրիական հարցի շուրջ: Իսկապես, ինչ հրաշք  պետք է տեղի ունենա, որ սիրիական պատերազմը դադարի, կամ «Իսլամական պետությունն» այլևս գոյություն չունենա, կողմերը հաշտվեն, և այլն: Ռազմական գործողությունները Սիրիայում, կարծում եմ, առաջիկայում կշարունակվեն  թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի կողմից: Ի վերջո, եթե ցուցակում կան կառույցներ, որոնց կրակի դադարեցումը չի վերաբերում, դա ի՞նչ է նշանակում:

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված դաշինքը ու Թուրքիան ինչպե՞ս իրենց կդրսևորեն, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ձախողվել են, իսկ Էրդողանից ամեն ինչ սպասելի է, և թուրքսաուդական մերձեցումը վերջին շրջանում ակնհայտ է:

– Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ վերջերս ստեղծված իսլամական պետությունների հակաահաբեկչական դաշինքը թե՛ Էռ-Ռիադին, և թե՛ Անկարային՝ Սիրիայում և այլ շրջաններում գործելու, ինչպես նաև՝ միջամտելու լայն և օրինական հնարավորություն է ստեղծում: Նրանք ամեն պահի կարող են ներխուժել Սիրիա՝ իբր «Իսլամական պետության» դեմ պայքարելու, իսկ իրականում գործեն հօգուտ իրենց շահերի (նույն Թուրքիան բազմաթիվ անգամներ խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը): Սաուդյան Արաբիան ակտիվացրել է արտաքին քաղաքականության արաբական իսլամական ուղղությունը և ամեն կերպ փորձում է հաղթահարել վերջին շրջանի ձախողումները Սիրիայում, ինչը զգալիորեն կապված է նաև ռուսական ներգրավվածության հետ, քանի որ դրա հետևանքով զգալիորեն տուժել են սաուդական հովանավորություն ունեցող մի շարք ահաբեկչական խմբավորումներ: Միլիոնավոր դոլարներ ներդրվեցին, Սիրիան քանդվեց, բայց այդպես էլ չհաջողվեց իշխանափոխություն իրականացնել: Մյուս կողմից` չստացվեց նաև կասեցնել Իրանի առաջխաղացումը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրն այսօր բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ ունի: Դրանց մեջ շոշափելի է քրդական հարցը, որը թե՛ երկրի ներսում է խնդիր, թե՛ երկրից դուրս: Էրդողանի համար Սիրիան ոչ պակաս ցավոտ հարց է, որը զգալիորեն վնասել է նրա հեղինակությանը երկրի ներսում ու դրսում:

Կարծիքներ կան, որ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության չգան Սիրիայի ու Ասադի հարցով, ապա դա առիթ կլինի ռուսթուրքական պատերազմի, որի արդյունքում կտուժի նաև Հայաստանը: Ձեր կարծիքով՝ առաջիկայում ականատես կլինե՞նք Սիրիայի տարածքում ռուսթուրքական պատերազմի, թե՞ հնարավոր են այլ սցենարներ:

– Կարծում եմ` կողմերն արդեն իսկ պատերազմում են, պարզապես պատերազմում են երրորդ երկրի տարածքում` ոչ անմիջական կերպով: Պատերազմում են ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում: Ուղղակի գործողությունների հավանականությունը, չգիտեմ, թե որքանով է մեծ, բայց այն փաստը, որ նրանք միմյանց դեմ կռվաններ են ձեռք բերում, պարզ է: Հայաստանի համար ռուս-թուրքական ցանկացած շփում, որպես կանոն, բացասական հետևանքներ է ունեցել: Այնպես որ, Հայաստանը պետք է դիվանագետ գտնվի:

 

Տեսանյութեր

Լրահոս