«Հանրապետականները քարոզարշավ անում են՝ ի՞նչ անեն». Արմեն Մարտիրոսյանը՝ նախագահի ելույթի մասին

«Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց իշխանական համակարգին, որ պատրաստվում են մնալ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական մեսիջների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նախագահն իր ելույթում ասել էր, որ իրենք չեն շտապելու. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս՝ շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել»:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ մինչև հիմա, ով ուզում էր հեղափոխություն անել, այդ թվում՝ նաև իրենք, Ս. Սարգսյանի ասածներով չէ, որ առաջ են շարժվել. «Այնպես որ, իր այս անգամվա ասածները ևս ուղեցույց չեն: Իր համար, իհարկե, լավագույն տարբերակն այն է, ինչ կա, այդ ուղղությամբ էլ շարունակում է, իրենք չեն շտապում»:

Նախագահը նաև կոչ արեց նախընտրական քարոզարշավն այսօրվանից չսկսել. «Իմ հորդորն է բոլորին. Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ինքն արդեն չի՞ սկսել ընտրարշավը՝ հաշվի առնելով հենց նախագահի այս ելույթը, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Հանրապետականները քարոզարշավ անում են՝ ի՞նչ անեն, իրենցն ընտրակեղծարարության գործիքն է, հո քարոզարշավով  չէ՞, որ ինչ-որ բան փոխվում է, բացառապես  ընտրակեղծարարությունն է: Այդ 600 հազար ձայնը, որ իրենց օգտին նկարում են, ընտրակաշառքը, ահաբեկումները, դրանք են իրենց գործիքակազմը, իրենք քարոզարշավի անհրաժեշտություն չունեն: Դա ասելով՝ երևի նկատի ուներ ՀՀԿ-ի դուստր կուսակցություններին»:

Մեր այն հարցին էլ՝ ո՞ր կուսակցություններին նկատի ունեք՝ «դուստր կուսակցություններ» ասելով՝ Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ամեն ինչ ակնհայտ է, հասարակությունն այդ կուսակցությունների մասին շատ լավ տեղեկացված է, գործով էլ է երևում»:

 

Տեսանյութեր

Լրահոս