
Ինչու է Ռուսաստանում բենզինն ավելի էժան, քան Հայաստանում

«Ռուսաստանի հետ կապված ես չեմ կարող մեկնաբանություններ կատարել, որովհետև հայկական ընկերությունները ռուսական ընկերություններից են բենզին ձեռք բերում: Կոնկրետ փաստաթղթերը հստակ կան, ներկայացված են մեր հանձնաժողովին, իսկ ռուսական ներքին շուկայում ինչպիսին են գները` ես չեմ կարող մեկնաբանել Ռուսաստանի կառավարության քաղաքականությունն իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Ռուսաստանում բենզինն ավելի էժան, քան Հայաստանում:
Արտակ Շաբոյանն ասաց, որ այս պահին չի կարող ներկայացնել, թե ինչ գնով է «Ռոսնեֆտ» ընկերությունը բենզինը վաճառում հայկական ընկերություններին, սակայն դիմելու դեպքում կարելի է ստանալ այդ տեղեկավությունը: Միևնույն ժամանակ, նա ասաց, որ հարկերն էական ազդեցություն են թողնում գնագոյացման վրա. «Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, այսինքն՝ բավականին փոքր է, և դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում, հենց թեկուզ Ռուսաստանում հարկերը բենզինի գնի մեջ բավական մեծ կշիռ ունեն, բացի այդ՝ կատարվում են տեղափոխման ծախսեր, և այնուհետև մեր երկրում նույնպես բենզինը մեծ չափով հարկվում է, և հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն, որը, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում գների մակարդակի վրա»: