Ի՞նչ հարց է լուծելու, որ 120 հազար դրամ փող ենք վճարելու մի կիլոմետրի համար. Հովիկ Աբրահամյանը՝ Մարտին Սարգսյանին
ՀՀ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և կառավարության որոշման մեջ լրացում կատարել: Ներկայացնելով որոշման նախագիծը՝ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության որոշման պահանջներից, ըստ որի՝ Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշին ՀՀ և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012թ. կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված գազատարները պետք է հանձնվեն ՀՀ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին, և դրանց նկատմամբ պետք է գրանցվեն վերջիններիս սեփականության իրավունքները.
«Նկատի ունենալով, որ նշված պետական գրանցման համար անհրաժեշտ է ձեռք բերել ավելի քան 27 կմ գազատարների ուղեգծի հատակագծեր, ուստի ներկայացվող որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2016թ. առաջին եռամսյակում հատկացնել 3մլն 266.4 հազար դրամ՝ ՀՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ գազատարի ուղեգծի չափագրման աշխատանքների իրականացման նպատակով պայմանագիր կնքելու համար»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Պարոն Սարգսյան, այս մի կիլոմետրի համար որ 120 հազար է չափագրողն ուզում, ի՞նչ հարց է լուծելու, որ 120 հազար դրամ փող ենք վճարելու մի կիլոմետրի համար: Գազի գիծ է, պիտի չափագրի: Դա մրցույթո՞վ եք արել, թե՞…»: Մարտին Սարգսյանն էլ ասաց, որ դեկտեմբերի կեսերին իրենց չափագրող կազմակերպություն գնելու հանձնարարություն է տրվել, որը կարճ ժամանակում կիրականացնի չափագրումները. «Ամենաէժան գինն է, այդպես ասեմ»: