Նոր միջնորդություն՝ ծննդկանի մահվան գործով

Բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու համար գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը:

Օրերս Շ. Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հրապարակել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին ուղղված բողոք, որով շուրջ 250 հիվանդներ և հղի կանայք արտահայտել են իրենց վրդովմունքը, «քանի որ ստեղծված խառնաշփոթի, իրավապահ մարմինների ոչ օբյեկտիվ վերաբերմունքի և ակնհայտ անմարդկային գործելաոճի պատճառով առաջացել է շատ լուրջ տագնապ, որը բերել է հղիների հոգեկան ապրումների»: Բողոքում նրանք հավաստիացրել էին, թե բժշկուհուն ապօրինի պատժել չեն թույլատրելու, կոչ էին արել Մ. Մարգարյանի գործը քննել օբյեկտիվ և պատժել իրական մեղավորներին, եթե այդպիսիք կան:

Երեկ մեզ հետ զրույցում Մ. Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը, խոսելով իրենց միջնորդության մասին, ասաց. «Բացահայտ հայտարարում են, նաև բողոք է ներկայացվել, որ նա այս պահի դրությամբ վարում է 200-250 հղիների և հիվանդների, այսպես ասեմ՝ ընթացակարգը: Քանի որ նախարարի հրամանով կա որոշակի սահմանափակում, որ թիվը 40-ը չպիտի գերազանցի, ուստի մեզ հետաքրքիր է՝ եթե մի բժշկուհի ամսական կտրվածքով վարում է 200-250 հիվանդ, արդյոք հենց դա՞ չի նպաստել, որ, ինքը կոնկրետ մեր դեպքով էլ ոչ բարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել»:

Նա նշեց, որ եթե իրականում բժշկուհին այդքան հղիների է սպասարկում, բնականաբար, իրենք մտածում են, որ չէր կարող պատշաճ կատարել իր մասնագիտական պարտականությունները.

Կարդացեք նաև

«Այդ իսկ պատճառով ներկայացրել ենք նշված միջնորդությունը, համապատասխան մարմինները թող զբաղվեն: Եթե կգտնեն՝ հիմնավոր է, կբավարարեն, եթե գտնեն անհիմն է՝ կմերժեն: Ամեն դեպքում մենք ներկայացրել ենք նախարարի հրամանը, ներկայացրել ենք իրենց կողմից հրապարակված բողոքը՝ կից ստորագրություններով: Քննչական մարմիններն արդեն թող պարզեն՝ ունե՞ր իրավունք, թե՞ չուներ: Եթե չուներ, այդ դեպքում և՛ նախարարության, և՛ կոնկրետ հիվանդանոցի խնդիրն է, թող պատասխան տան»:

Փաստաբանը վկայակոչեց ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013թ. նոյեմբերի 28-ի՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին N 77-Ն հրամանը. այն սահմանում է, որ «Երևան քաղաքի տարածքում գործող բժշկական կազմակերպություններում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, համատեղության կարգով, կանանց կոնսուլտացիայում հղիության նախածննդյան հսկողության իրականացման դեպքում, վերջիններիս կողմից միաժամանակ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը կազմում է 30, իսկ առավելագույնը՝ 40»:

«Եթե նախարարը օպտիմալ քանակ է սահմանել, այսինքն՝ հաշվի են առել և՛ գերծանրաբեռնվածություն, և՛ մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարում, և այդ ամենը հաշվի առնելով՝ որոշել են առավելագույն թիվ՝ 40 հղիի սպասարկում, այդ դեպքում պատկերացրեք՝ 200 և 250 հիվանդ՝ ուղիղ 5 անգամ ավելի թվաքանակ: Բնական է՝ չէր հասցնի բժշկուհին, եթե, իհարկե, դա համապատասխանում է իրականությանը, որովհետև ես ինչ-որ տեղ նաև կասկածներ ունեմ, որ կարող է և այդ թիվը իրականությանը չի էլ համապատասխանում: Բայց դե ինչո՞ւ է ներկայացվում հանրությանը, ի՞նչ են ուզում դրանով ասել, մենք դա չենք հասկանում»,- ասաց նա:

Պաշտպանական կողմը Երևանի դատախազին ուղղված բողոքում խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ դատավարական միջոցներ՝ քրեական գործի շրջանակներում փորձագետի հարցաքննության ընթացքում նրան առաջադրված հարցերի շուրջ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար: Հիմնավորումներից մեկն այն է, որ փորձագետի ցուցմունքով լրացվել է փորձաքննության եզրակացությունը, փորձագետի ցուցմունքը փոխարինել է փորձագետի եզրակացությանը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:

Մեր հարցին՝ արդյոք ըստ իրենց՝ փորձագետի ցուցմունքը փոխարինե՞լ է եզրակացությանը, Մ. Թովմասյանը պատասխանեց, որ փորձագետի ցուցմունքին ծանոթ չէ, դրան տեղյակ է այնքանով, որքանով հրապարակվել է: Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում կողմերը ոչ բոլոր նյութերին կարող են ծանոթանալ:

«Կարծում եմ՝ քանի որ իրենք մասնակցել են կալանքի միջնորդության քննությանը, հնարավորություն են ունեցել ծանոթանալու այդ փաստաթղթերին, վերցրել են: Իրավաբան լինելով՝ ես կարող եմ մի բան փաստել՝ երբ քննության ընթացքում փորձագետը հարցաքննվում է, նա չի հարցաքննվում լրացումներ կատարելու կամ ինչ-որ նոր բաներ հայտնելու համար, այլ առկա եզրակացության շուրջ պարզաբանումներ տալու համար:

Այսինքն՝ մենք դա չենք կարող լրացում ասել, որովհետև, եթե լրացուցիչի հարց է լինում, նշանակում են լրացուցիչ փորձաքննություն: Եթե հարցեր կան, որոնք կասկածի տեղիք են տալիս, այդ դեպքում կարող են կրկնակի փորձաքննություն նշանակել: Այս դեպքում հավանաբար փորձագետի եզրակացության պարզաբանման խնդիր է եղել, որը, բնականաբար, պետք է ստանան տվյալ փորձագետներից:

Կարծում եմ՝ հենց այդ նկատառումից ելնելով է քննիչը հարցաքննել փորձագիտական եզրակացություն տվող որոշ անձանց: Դա իմ կարծիքն է: Երբ արդեն ծանոթանանք, ավելի մանրամասն կասենք, բայց զուտ իրավական կողմն իմանալով՝ կարող եմ այդպես ասել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չեն տեսնում։ «Եթե տեսնեինք, անկեղծ՝ կմիջնորդեինք, որպեսզի նշանակվեր: Բայց եթե, ընդունենք՝ քննությունը գտներ, որ իրենց ներկայացրած միջնորդության հիմնավորումները բավարար են, և միջնորդությունը պետք է բավարարել, մենք, բնականաբար, չէինք առարկի»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ բժշկուհին շարունակում է աշխատել, փաստաբանն ասաց. «Իհարկե, դժգոհություններ եղել էին հարազատների կողմից: Բայց այս պահի դրությամբ մենք իրավական առումով որևէ քայլ չենք ձեռնարկել և որևէ միջնորդություն չենք ներկայացրել: Այս պահի դրությամբ դեռ չենք պատրաստվում: Մարդն ազատ է, թող աշխատի, որևէ մեկն իր աշխատանքին չի խոչընդոտում: Համենայն դեպս, տուժող կողմն այդ մասով այս պահին որևէ միջնորդություն կամ բողոք չի ներկայացրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս