«Տատյանա Վալովայան չի հասկանում՝ ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել». Հրանտ Բագրատյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայայի երեկ արած այն հայտարարությունը, թե դեռ պատրաստ չեն նոր վալյուտա մտցնել, «սխալ» հայտարարություն էր: Այս կարծիքին է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տատյանա Վալովայան չի հասկանում՝ ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել:
Հ. Բագրատյանի խոսքով՝ մտնելով ԵՏՄ՝ այս երկրները գոնե պարտավոր են այդ առևտուրն իրականացնել ոչ դոլարով:
Հարցին՝ իրատեսակա՞ն է ԵՏՄ-ում միասնական վալյուտա ունենալը, պատգամավորը պատասխանեց, որ այս պահի դրությամբ անպայման գալու են միասնական վալյուտայի: Նա բացատրեց, որ միասնական վալյուտայի 3 տարբերակ կա. «Կա՛մ բոլորը մտնում են ռուբլու գոտի, ինչը Ռուսաստանի ցանկությունն է, կա՛մ նոր ռուբլի, ինչպես, օրինակ, սովետական ռուբլու վրա Հայաստանը հայերեն գրված էր, որտեղ Հայաստանը փայ ուներ, և կա երրորդ տարբերակը՝ անկանխիկ հաշվարկներ, որոնք իրականացնում են հաշվարկային պալատի միջոցով: Այս երեք տարբերակներից մեկը կարելի է կյանքի կոչել: Առաջին տարբերակը կյանքի չի կոչվի, որովհետև Բելառուսը և Ղազախստանը դեմ կլինեն, Հայաստանի այս իշխանություններն ամեն ինչին համաձայն կլինեն»: