Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստախոս կառույց է
Մի քանի օր առաջ կառավարությունում բենզինի գների մասին ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած հաշվետվությունն ուղղակի զարմանալի էր և ես որոշեցի ուսումնասիրել այդ հանձնաժողովի կայքն ու ամբողջությամբ կարդալ կառավարությունում ներկայացրած հաշվետվությունը, վերջապես տեսնել, թե որքան հրապարակային ու թափանցիկ է աշխատում այս հանձնաժողովը: Զարմանքս, ինչպես ասում են, ափեափ էր:
Իհարկե competition.am կայքում փնտրածս հաշվետվությունը չգտա, բայց 2015 թվականի ապրիլին հանձնաժողովի ընդունած 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ հաշվետվության մեջ գտա հետևյալ նախադասությունը. «Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի դեռևս նախորդ տարվանից սկսված ծրագրային վերազինման աշխատանքները գրեթե ավարտվել են, և արդեն իսկ բոլոր նորությունները, մամուլի հաղորդագրությունները, ինչպես նաև տեղեկատվական նյութերը հասանելի են հասարակությանը: Կայքը դարձել է առավել թափանցիկ, ավելացվել են մի շարք ենթաբաժիններ, որոնք հանրությանը տրամադրում են առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ»:
Համոզվելու համար, թե որքանով է կայքը թափանցիկ դարձել, էքսկուրսիա կատարեցի այնտեղ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջում վերջին նորությունը դրվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին:
Մամուլի վերջին հաղորդագրությունը տարածվել է 2015թ. նոյեմբերի 27-ին:
ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ վերնագրի տակ առկա է «Հաշվետվություններ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների մասին» ենթավերնագիրը, որտեղ խայտառակություն է այն փաստը, որ երկու տարվա վերաբերյալ տեղադրված 2015, 2014 թ.թ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների մասին հաշվետվությունները նույն փաստաթղթերն են, որոնցից պարզ է դառնում, որ նույն կազմակերպություններում իրականացրել են 7 ստուգում և 23 ուսումնասիրություն, բայց «Իրավական նորմեր, որոնց պահանջները չեն կատարվել» և «Նշում՝ բողոքարկման վերաբերյալ» սյունակների տակ դատարկ են ու հասկանալի չէ, թե ի՞նչ արդյունք են տվել այդ ստուգումներն ու ուսումնասիրությունները: Այսինքն, Շաբոյանը կամ կայքի պատասխանատուն չեն բացել ու չեն հետևել կայքին, իսկ այնպիսի հաշվետվություն, որի մասին Շաբոյանը զեկուցեց կառավարության նիստում, նույնիսկ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջում չկա:
Շարունակելով կայքի էքսկուրսիան պարզում ենք, որ «Հակակոռուպցիոն միջոցառումներ» վերնագրի տակ բացվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Բյուջե» վերնագրի տակ նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում»:
«Վիճակագրություն» վերնագրի տակ վերջին գրառումը եղել է «Ներածություն», 12.02.2010 թվականին:
«Հիմնական ցուցանիշներ» վերնագրի տակ նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Գնումների հայտարարագրում» վերջինը՝ 29.4.2014թ, նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Գնումների պայմանագրեր» վերնագիրը ընդհանրապես չի արձագանքում:
«Քննարկվող հարցեր» էջը 09.02.2010թ.ից հետո չի թարմացվել, «Տեղեկատվություն մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներից» էջում վերջին տեղեկությունը դրված է 19.12.2013 թվականին:
ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողովում Հայաստանի վերաբերյալ «Փորձագիտական գնահատման զեկույց» էջը ընդհանրապես չի բացվում:
«Կայքի կանոնակարգ» էջը չի թարմացվել 2006 թվականից, մի՞թե անցած 10 տարում կանոնակարգային ոչ մի փոփոխություն չի եղել:
Այսպիսով փաստենք, որ ՏՄՊՊՀ-ի կայքը, չնայած այդ նպատակով Եվրամիության Թվինինգ ծրագրի կողմից 2011-2013թ.թ. ծախսած 1.100.000 եվրո գումարներին, թափանցիկ ու հրապարակային չէ, ուրեմն 2014թ. հաշվետվության մեջ էլ կայքի թափանցիկության ու հրապարակայնության վերաբերյալ սուտ տեղեկություն են գրել: Այսինքն, 1.100.000 եվրո գումարի մեջ մաս է կազմել նոր կայքի ստեղծման համար ներդրումը, սակայն, որը, մեղմ ասած՝ փոշիացվել է: Ստացվում է, որ գործ ունենք մի ստախոս կառույցի հետ, որին «վստահում» ենք Հայաստանի բիզնես միջավայրի առողջացո՞ւմը:
Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝ նախագահականի՞, թե՞՝ կառավարության:
Կրկին անդրադառնալով կառավարության վերջին նիստին բենզինի գների մասին Շաբոյանի չհրապարակած հաշվետվությանը, փաստենք, որ ոչ նախագահականի, ոչ՝ կառավարության վերահսկողության մարմնին չի հուզում այս հանձնաժողովի յուրացումները բացահայտելը, որովհետև Շաբոյանը հլու-հնազանդ զեկուցում է այն, ինչ իրեն հանձնարարվում է այդ կառույցներից, իսկ ինչո՞ւ այն հրապարակային չի դարձրել, որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր ասածին ոչ մեկը չի հավատում, դրա համար գրավոր ոչ մի տեղեկություն չի թողել:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ