
Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ Հայաստանում դասախոսություններ են կարդալու

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2016 թվականի ապրիլի 11-16-ը կազմակերպում է բացառիկ միջոցառում. հյուրընկալվելու են հինգ նոբելյան մրցանակակիրներ մեկ հարկի տակ: Այս մասին տեղեկացնում են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից:
Երեք օր անընդմեջ նրանք հանդես կգան հանրային եւ մասնագիտական դասախոսություններով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոբելյան մրցանակակիրների կողմից առաջ քաշված հայտնագործությունները եւ մասնագիտական դաշտում ունեցած գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները:
Սա աննախադեպ հնարավորություն է տեսնելու եւ լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի՝ նոբելյան ժառանգության: Սա նաեւ գիտական երկխոսություն ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ եւ ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջեւ:
Երեւանում դասախոսություններով հանդես գալու համար իրենց համաձայնությունն են տվել կենսաբաններ Աարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):