Իրանը մտադիր է հնգակի ավելացնել Հայաստան գազամատակարարման ծավալը
Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հնգակի ավելացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
«Անգամ Իրանի ու Հայաստանի միջև կնքված համատեղ համաձայագրի հիման վրա գոյություն ունի հնարավորություն ավելացնել գազամատակարարման ծավալները՝ օրական մինչև 5 մլն խմ-ի»,- ասել է Քամելին:
Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրենի խոսքով՝ էլեկտրափոխանցման լարերի նոր գծի շինարարությունը կարող է առանցքային գործոն դառնալ Հայաստան գազամատակարարման ծավալների ավելացման հարցում: Տվյալ պահին Իրանը ամեն օր Հայաստանին է մատակարարում մոտ 1 միլիոն խմ գազ:
Հիշեցնենք, որ Իրանն ու Հայաստանը 2015թ. օգոստոսին կնքել են համաձայնագիր էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության մասին, որը կմիավորի երկու երկրների էներգահամակարգերը: Պայմանագիրը, որը գնահատվում է 107 միլիոն եվրո, նախատեսում է 2 տարում կառուցել 275 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ:
Դա թույլ կտա եռակի ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները: Իրանը հաշվարկում է տվյալ նախագծի օգնությամբ միանալ Վրաստանի ու Ռուսաստանի էներգահամակարգերին: Իրանական «կապույտ վառելիքը» Հայաստանում վերածվում է էլեկտրաէներգիայի, որն ամբողջությամբ հետ է ուղարկվում Իրանին:
Մաքսային ծառայության տվյալով՝ 2014թ. Իրանից Հայաստան է մատակարարվել 383 մլն խորանարդ գազ: