Բաժիններ՝

«Մենք կտրում ենք պորտալարը…». Գագիկ Մինասյանը բացատրում է Վերահսկիչ պալատի և հաշվեքննիչ պալատի տարբերությունները

«Սահմանադրությունը ենթադրում է մի շարք օրենքներում փոփոխություններ, ամենակարևորը հիմա Ընտրական օրենսգիրքն է, բայց  ուրիշ օրենքներ կան, որ ևս շատ կարևոր են, ու դրանցից մեկը հենց Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը:

Նա նկատեց, որ Սահմանադրության 13-րդ գլուխն ամրագրում է, որ մենք այլևս պետք է ունենանք հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ աուդիտորական պալատ: Գ. Մինասյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն պետք է գործի հաշվեքննիչ պալատի մասին նոր օրենքը, և իրենք նախատեսում են աշխատանքներն ավարտել այս նստաշրջանի ավարտին, որպեսզի աշնանային նստաշրջանում օրենքն ընդունվի  երկու ընթերցմամբ:

«Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթներն աուդիտորական պալատի հետ, նրանց նպատակները նույնն են, այսինքն՝ հանրային ֆինանսների և սեփականության արդյունավետ կառավարման և տնօրինման խնդիրներն են, սակայն մի էական փոփոխություն է կատարվել Սահմանադրությամբ: Հաշվեքննիչ պալատը չափազանց ավելի անկախ է լինելու, քան այսօրվա Վերահսկիչ  պալատը»,- նշեց պատգամավորը՝ պարզաբանելով, որ յուրաքանչյուր խորհրդարանի 3 կարևոր ուղղություններից մեկը վերահսկողական գործառույթն է, որը խորհրդարանն այսօր իրականացնում է՝ նաև հաստատելով Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը: Գ. Մինասյանի խոսքով՝  նոր Սահմանադրությունն էլ ավելի մեծ անկախություն է տալիս հաշվեքննիչ պալատին:

Նա հստակեցրեց, որ Ազգային ժողովն այլևս զրկվում է իր վերահսկողական գործառույթները Վերահսկիչ պալատի միջոցով իրականացնելուց, դրա համար ինքն այդ գործառույթները Սահմանադրության համապատասխան հոդվածով՝ պատվիրակում է իր մշտական հանձնաժողովներին, իսկ մյուս մասով՝ Վերահսկիչ պալատը դառնում է արդեն չափազանց անկախ:

Կարդացեք նաև

«Խորհրդարանը կայացնում է իր որոշումները, ծրագիր է հաստատում և, բնականաբար, այդ ծրագրում, ինչքան էլ հաճելի չլինի ասել, արտացոլում է մեծամասնության տեսակետը, դա անխուսափելի է: Անկախ մարմնի պարագայում քաղաքական որևէ պարտադրանք չկա, ինքն է որոշում»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին էլ, թե ո՞վ է փոխում հաշվեքննիչ պալատի ղեկավարին, Գ. Մինասյանը պատասխանեց, որ, ի տարբերություն այսօրվա իրավիճակին, հստակ ամրագրել են, որ այն հանձնաժողովը, որը աշխատում է այդ կառույցի հետ, իսկ դա Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն է, պետք է առաջարկի թեկնածուներ, և խորհրդարանը պետք է քննարկի. «Սակայն հաշվեքննիչի անդամների գործունեության ժամկետը շատ ավելի երկար է, քան խորհրդարանի գործունեության ժամկետը, և որևէ խորհրդարան իր մեծամասնությամբ չի կարող ակնկալել, որ ընտրված Վերահսկիչ պալատի անդամը կաշկանդված կարող է լինել, մենք կտրում ենք պորտալարը, խորհրդարանն այլևս որևէ կերպ  չի անդրադառնում նրա գործունեությանը, չի հաստատում նրա ծրագիրը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս