
Երեխան ձեռքին՝ ցուլի հետ մենամարտող մատադորը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Իսպանացի մատադոր Ֆրանսիսկո Ռիվերա Օրդոնյեսը հայտնվել է մարդկանց ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ իր փոքրիկ աղջկան՝ 5 ամսական Կարմենին գրկին՝ արենա է դուրս եկել վիրավոր ցուլի դեմ պայքարելու, գրում է The Guardian-ը:
Ռիվերան անձամբ էր հրապարակել լուսանկարն Instagram-ի իր էջում՝ մակագրելով՝ «Կարմենի դեբյուտը»:
Պարբերականը գրում է, որ անհեռատես մատադորի արարքը ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել հասարակության շրջանում: Նրա դեմ անգամ հետաքննություն է սկսվել Իսպանիայի երեխաների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ:
Մատադորի խոսքով, սակայն, երեխան գրկած՝ կենդանու հետ մենամարտի դուրս գալն ավանդույթ է:
Ի պաշտպանություն Ռիվերայի՝ նման լուսանկարներ հրապարակել են նրա գործընկերները՝ նկատելով, որ նման ավանդույթը չպետք է ոչ ոքի վախեցնի, ու, որ երեխաներին ոչ մի վտանգ չի սպառնում: