ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվության մասին
Հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հրապարակվել է 2015 թ. դեկտեմբերի 10-ին հաստատված Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով Հայաստանը հանդես է եկել որպես 2012 թ. վերանայված ՖԱԹՖ մեթոդաբանությամբ գնահատվող ԵԽ առաջին անդամ երկիր:
2014 թ. դեկտեմբեր ամսից մեկնարկած գնահատման գործընթացը առանձնանում էր նրանով, որ առաջին անգամ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը պետք է գնահատվեր ոչ միայն ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականներին տեխնիկական համապատասխանության, այլև դրանից բխող 11 Անմիջական արդյունքների իրագործման արդյունավետության տեսանկյունից: Հաշվետվությամբ արձանագրվել է՝
Տեխնիկական, մասնավորապես՝ օրենսդրական համապատասխան մեխանիզմների առկայության տեսանկյունից, Հայաստանը լիովին կամ հիմնականում համապատասխանում է ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականներից թվով 35-ին:
Արդյունավետության գնահատման տեսանկյունից՝ Հայաստանն ապահովել է արդյունավետության զգալի կամ բավարար մակարդակ 11 Անմիջական արդյունքից թվով 9 Անմիջական արդյունքի մասով:
Արդյունավետության զգալի կամ բավարար մակարդակ է արձանագրվել միջազգային համագործակցության, ֆինանսական համակարգում ներդրված կանխարգելիչ միջոցառումների, իրավաբանական անձանց թափանցիկության, ԱՖ դեմ պայքարի հետ կապված միջազգային պարտավորությունների կատարման և ԱՖ կանխարգելիչ միջոցառումների ներդրման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում: Ընդգծվել է ֆինանսական հետախուզության արդյունավետության բարձր մակարդակի առկայությունը:
Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ ՓԼ հետ կապված գործերի քննության և հետագա դատաքննության, ինչպես նաև միջոցների բռնագանձման առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ:
Համաձայն ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի որոշման՝ Հաշվետվության հիման վրա ձեռնարկված քայլերի վերաբերյալ ՀՀ կողմից առաջընթացի հաշվետվություն կներկայացվի 2018 թ-ի ապրիլին, իսկ որոշ հարցերով միջանկյալ հաշվետվություն՝ 2016 թ-ի դեկտեմբերին:
ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի նախորդ գնահատումը անց է կացվել 2009 թ-ին՝ համաձայն ՖԱԹՖ 2004 թ. մեթոդաբանության:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն