«Այդ մարդն ունի Հրանտ Դինքի պատմությունն իր առջև». Թևան Պողոսյանը՝ ԵԽ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության հայազգի ներկայացուցչի վարքագծի մասին
«Երբեմն մարդիկ քվեարկում են և պետական շահերից, և կուսակցական շահերից, և իրենց անձնական շահերից ելնելով: Ինչպե՞ս կարող եմ գնահատել նրան, ով հայ է ու քվեարկում է ի նպաստ Ադրբեջանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանի՝ ԵԽ ԽՎ-ում հակահայկական զեկույցների քվեարկության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Մարգար Եսայանը ոչ միայն հակահայկական զեկույցներին կողմ էր քվեարկել, այլև նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ ինքը նախընտրում է խոսել իր մայրենի լեզվով, ու սկսել էր թուրքերեն խոսել:
Թ. Պողոսյանը կարծում է՝ մյուս կողմից՝ պետք է գիտակցենք՝ մարդիկ ունենում են նաև խնդիրներ իրենց տուն վերադառնալու ժամանակ. «Հիմա, եթե այդ մարդը վերադառնար Թուրքիա, և իրեն շատ վատ վերաբերվեին, չգիտեմ՝ ինչքանո՞վ էինք հպարտանալու կամ վատ վերաբերվելու: Այնուամենայնիվ, իր ընտրությունն է եղել»:
Նրա խոսքով՝ պետք է ուղղակի ընդունենք, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգեր, ինչպես նաև՝ հայեր, որոնք կարող են լինել Թուրքիայի քաղաքացիներ ու մտահոգվել Թուրքիայի շահերով: Նա կարծում է՝ մենք պետք է՝ որպես երկիր, դառնանք այնքան հետաքրքիր ուրիշների համար, որ հայկական շահերին վնասելը լինի իրենց շահերին դեմ:
«Վաղը եթե այդ նույն մարդը վեր կենա ու Թուրքիայի մեջլիսում ապրիլի 24-ին մի շատ հայանպաստ հայտարարություն անի, բոլորս մոռանալու ենք այդ քվեարկությունը ու մեծարելու ենք այդ մարդուն: Թուրքիայի պատվիրակությունը միշտ լինելու է մեզ դեմ, պետք է աշխատենք՝ ցանկացածին այնտեղ փոխենք, կապ չունի՝ հայ է, քուրդ է: Այդ մարդն ունի Հրանտ Դինքի պատմությունն իր առջև, ես ավելի շատ խնդիր ունեմ այնտեղ, թե ոնց է ստացվում, որ Հայաստանից մեկը վեր է կենում ու գնում Ադրբեջան»,- նշեց Թ. Պողոսյանը: