
Եվրոպոլի ամենից շատ հետախուզվող հանցագործների ցանկում թվում հայ կա

Եվրոպոլը (Europol) ներկայացրել է իր նոր ինտերնետ կայքը՝ eumostwanted.eu-ն, որտեղ տեղադրված են Եվրոպայում ամենից շատ հետախուզվող կասկածյալների ու հանցագործների լուսանկարներն ու կից տրված են նրանց հանցանքի համառոտ նկարագրությունները, հայտնում է Euronews-ը:
Ցանկում կա 57 անուն: Ցուցակը գլխավորում են 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններն իրականացրած երկու հանցագործները՝ Սալահ Աբդելսլամն ու բելգիացի Մուհամմեդ Աբրինին: Նրանք հետախուզվում են ավելի քան 2 ամիս:
Հետախուզվող հանցագործների մասին տեղեկություն հնարավոր է թողնել անանուն:
Ցանկից տեղեկանում ենք, որ Եվրոպայի ամենահետախուզվող անձանց թվում կա 1 հայ՝ Արմեն Հովհաննիսյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարել Էստոնիայի ոստիկանությունը:
Delfi գործակալությունը հաղորդում է, որ 51-ամյա տղամարդը (1964թ. հոկտեմբեր 3) կասկածվում է դիտավորյալ սպանության մեջ:
Նշվում է, որ նա 1999 թվականին Էստոնիայի Նարվա քաղաքում կարող է պատվիրած լինել ոստիկանության աշխատակցի սպանությունը: Կասկածներ կան, որ նա 1000 դոլար է վճարել սպանության դիմաց: Էստոնիայի ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդը կարող է գտնվել Ռուսաստանում: