 
                        Քերին կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա
 
                                    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում կոչ է արել Մոսկվային ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա ու նպաստել Ժնևի բանակցություններում առաջընթացին: Այս մասին հունվարի 29-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Լավրովի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է անհրաժեշտությունը, որ Սիրիայի հարցով բոլոր միջազգային մասնակիցները առաջընթաց գրանցեն քաղաքական գծով: Նա կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս կարևոր քայլեր ձեռնարկի՝ ապահովելու սիրիացի ժողովրդի կարիքներն ու առաջընթաց գրանցի Ժնևի բանակցություններում»,- ասել է Քիրբին:
Նրա խոսքով՝ Քերին ընդգծել է Սիրիայի շրջաններում մարդասիրական մատչումի անհապաղ ապահովման կարևորությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ժնևում սկսվել են Սիրիայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները: Դրանք անցկացվում են ՄԱԿ-ի հովանու ներքո՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի:
Սպասվում է, որ բանակցությունները կտևեն 6 ամիս:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        