
Վերջին 5 տարիների ընթացքում «Ռեալը» 3 անգամ փորձել է ձեռք բերել Լիոնել Մեսսիին

Բոլոր բանակցությունները տևել են շատ կարճ, և մադրիդյան ակումբն ամեն անգամ մերժում է ստացել:
Իսպանական Cadena COPE ռադիոկայանը հաղորդել է, որ «Ռեալը» բազմիցս փորձել է գնել Լիոնել Մեսսիին «Բարսելոնայից»:
Առաջին անհաջող փորձը տեղի է ունեցել 2011թ., երբ մադրիդյան ակումբում լրջորեն վախենում էին Կրիշտիանու Ռոնալդուի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից:
Երկու տարի անց պորտուգալացու ապագան կրկին կախված էր օդում, իսկ «Բարսելոնան» նոր-նոր ձեռք էր բերել Նեյմարին: Պերեսը հանձնարարել էր «Ռեալի» կառավարման կազմի անդամներին՝ անցկացնել հանդիպում «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ: Բանակցությունները նորից ձախողվեցին:
Ինչպես հաղորդում է Cadena COPE-ը, երրորդ հանդիպումը կայացել է ընդամենը մեկ տարի առաջ, և «սերուցքայինների» ներկայացուցիչները կրկին ստացել են հակիրճ պատասխան. «Շնորհակալություն, բայց ոչ»: Այս ձախողումից հետո Պերեսը վերջնականապես անցում է կատարել Նեյմարի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը