
Սպիտակ տան մեղադրանքները Պուտինի կոռումպացվածության վերաբերյալ վիրավորական են. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթ է Վաշինգտոնի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների հետ ու դրանք համարում է «անընդունելի»: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պեսկովը հավելել է, որ «նման վիրավորական մեղադրանքները ավտոմատ տարածվում են 100 միլիոն մարդու վրա, որոնք ապրում են մեր երկրում ու ամբողջությամբ աջակցում են Պուտինին»:
Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության՝ Ռուսաստանի բնակչության թիվը ներկայում գերազանցում է 146 մլն մարդը:
«Օվկիանոսից այն կողմ սկսվել է մեր ընտրությունների նախապատրաստությունը: Մինչ Ռուսաստանի նախագահական ընտրությունները դեռ ավելի քան երկու տարի կա, իսկ նախապատրաստությունը, դատելով ամեն ինչից, սկսվել է: Ակնհայտ է, որ լիցքավորվում է բացասականը մեր երկրի ղեկավարի նկատմամբ, որը օգտագործվում է Ռուսաստանում ապագա ընտրարշավի ընթացքի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սպիտակ տունը համաձայնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչի այն գնահատականի հետ, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է ու թաքցնում է իր կարողությունը:
«Այդ խոսքերը առավելագույնս են արտացոլում ադմինիստրացիայի տեսակետը»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Այս շաբաթ BBC-ի «Պանորամա» ծրագրի շրջանակում ԱՄՆ ֆինանաների փոխնախարար Ադամ Շուբինը հայտարարել է Ռուսաստանի նախագահի կոռումպացվածության մասին՝ ընդգծելով, որ ամերիկյան իշխանություններն այդ մասին շատ վաղուց գիտեն: