Սպիտակ տունը համաձայնել է Պուտինի կոռումպացվածության մասին խոսքերի հետ
Սպիտակ տանը համաձայնել են ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչի այն գնահատականի հետ, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է ու թաքցնում է իր կարողությունը:
«Այդ խոսքերը առավելագույնս են արտացոլում ադմինիստրացիայի տեսակետը»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Այս շաբաթ BBC-ի «Պանորամա» ծրագրի շրջանակում ԱՄՆ ֆինանաների փոխնախարար Ադամ Շուբինը հայտարարել է Ռուսաստանի նախագահի կոռումպացվածության մասին՝ ընդգծելով, որ ամերիկյան իշխանություններն այդ մասին շատ վաղուց գիտեն:
«Ես պատրաստ չեմ թվեր ասել, սակայն այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ ենթադրվում է՝ Պուտինը պետությունից ստանում է մոտավորապես 110 հազար դոլարի չափով աշխատավարձ: Դա այդ մարդու կարողության ոչ կոռեկտ նկարագրությունն է: Նա իր կարողության իրական չափը թաքցնելու մեծ փորձ ունի»,- հայտարարել է Շուբինը:
Հարցին՝ արդյոք կոռումպացված է Վլադիմիր Պուտինը, պաշտոնյան դրական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի կոռումպացվածության մասին իշխանություններին «երկար-երկար տարիներ հայտնի է»:
«Պանորամայի» հեղինակները հենվում են ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի վրա, որտեղ Պուտինի կարողությունը գնահատվում է գրեթե 40 միլիարդ դոլար: Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ Ստանիսլավ Բոլկովսկին՝ գնահատելով Պուտինի կողմից վերահսկվող ակտիվների չափը:
Ռուսական իշխանությունները հերքում են Պուտինի հարստության մասին լուրերը՝ դրանք համարելով աբսուրդային:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը որակել էր որպես պաշտոնական մեղադրանք, որը ապացույցների կարիք ունի, սակայն ընդգծել էր, որ Մոսկվան դրանք չի պահանջի:
«Մենք ապացույցներ չենք պահանջի ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: Եթե նրանք նման պաշտոնական հայտարարությունը թողնեն առանց ապացույցների, ապա դա նորից կստվերի այդ գերատեսչության վարկանիշը»,- ասել է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, BBC-ն ցուցադրել է «Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմը, որի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Ֆիլմում, որը տևում է մոտ կես ժամ, հեղինակները պնդում են, որ Պուտինի հայտարարագրած եկամուտներն ու նրա իրական կարողությունը զգալի տարբերվում են: Կապիտալը, որը վերահսկվում է Պուտինի կողմից, համաձայն Ռիչարդ Բիլթոնի վավերագրական հետաքննության, կարելի է գնահատել 40 միլիարդ դոլար: