«Մի քիչ պրագմատիզմը երբեմն մեր քաղաքական գործիչներին, իմ գործընկերներին չի բավարարում». Ռուբեն Հակոբյանը՝ «Նոր Հայաստանի» մասին
Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը շարունակում է իր նստացույցն Ազատության հրապարակում, և մարտի 1-ից պատրաստվում են ուժգնացնել իրենց շարժումը: Նրանք հայտարարում են, որ իշխանությունների խաղի կանոններով չեն խաղալու, և բացառում են որևէ բանակցություն իշխանությունների հետ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ 168.am-ը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է լուրջ վերաբերվում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժմանը, և արդյոք նրանց կհաջողվի՞ հաջողություններ գրանցել իրենց պայքարում:
Ի պատասխան մեր հարցին՝ Ռ. Հակոբյանն ասաց, որ այսօր իրավիճակ է ստեղծվել, որ մեր կողմից շռայլություն կլինի, որ այս մարտահրավերների գոյության պարագայում չփորձենք օգտագործել մեր ամբողջ ռեսուրսները: Մյուս կողմից՝ Ռ. Հակոբյանը կարծում է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ ինքն է որոշում իր տեղը, իր դերակատարությունը, և ինչ մարտավարություն պետք է որդեգրի:
«Պետք է ասել հետևյալը, որ այս 25 տարիների ընթացքում, երբ խնդիր է դրվում` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, միշտ ոչինչը մնում է ընդդիմությանը, ամեն ինչը՝ իշխանությանը: Քաղաքականությունն իսկապես հնարավորի արվեստ է, և պետք է կարողանալ այդ հնարավորի արվեստի մեջ հասկանալ՝ այդ պահին դու ի՞նչ կարող ես անել: Այդ առումով՝ մի քիչ պրագմատիզմը երբեմն մեր քաղաքական գործիչներին, իմ գործընկերներին չի բավարարում, և ամեն ինչ կամ ոչինչի այդ եզրույթը միշտ ընդդիմությանը կոտրված տաշտակի առաջ է կանգնեցնում»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ կարծում եք՝ «Նոր Հայաստանն» էլի կոտրած տաշտակի առա՞ջ կկանգնի, Ռ. Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ես ձեր հարցին բավական մանրամասն պատասխանեցի»: