«Այսօր բանակի առջև դրված խնդիրներում սպառազինության մրցավազքը չկա». Աստվածատուր Պետրոսյան

«Մեր բանակն արժեքներ ու նույնիսկ՝ արվեստ, գրականություն, սեր ստեղծող բանակ է: Այդ բանակի ու զինվորի հանդեպ սեր չի կարող չլինել, որովհետև վտանգը վերցնելով իր վրա՝ կողոպտող ու գազանաբարո ազգերից կարողանում են մեզ պաշտպանել ու մեր քաղաքակրթությունն ամբողջ աշխարհին ցույց տալ: Այսօրվա բանակը ստեղծվել է մեր մայրերի, քույրերի անափ համբերությամբ, ունեցած ազատագրական պայքարի, անկախության արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Այսօրվա բանակը նա գնահատեց՝ որպես մարտունակ, ուժեղ և մշտապես մարտական պատրաստվածությունն ու փորձն իրականացնող, Եվրոպայի, աշխարհի, Ռուսաստանի փորձն իրականացնող, ռազմաստրատեգիական, բայց այդուհանդերձ՝ ազգային բանակ. «Որովհետև զինված է մի գաղափարախոսությամբ, մի սերունդով, որ աճել է մեր աչքի առջև: Մեր բանակի ոգեղենությունը ոչ մի բանակում չես գտնի»:

Խոսելով բանակի այսօրվա խնդիրներից՝ նշեց, որ ամեն տարի բանակը նախնական դնում է իր խնդիրները, հայտարարում զարգացման, մարտունակության, գաղափարախոսության և սոցիալական վիճակի շտկման տարի. «Բանակն ունի իր խնդիրները, և բանակի առջև ծառացած խնդիրները չի դնում միայն բանակի հրամանատարը, այլ՝ ամբողջ կոլեգիան: Այսօր շատերին թվում է, թե ով նախարար է, նա խնդիր է դնում, այդպիսի բան չկա, դա կոլեկտիվ աշխատանք է: Այսօր բանակի առջև դրված խնդիրներում սպառազինության մրցավազքը չկա, պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիրն է: Բանակի զարգացման խնդիրների մեջ ընդգրկված են այսօր Հայաստանում կրթությունը և էլիտար սպայության մակարդակը բարձրացնելը: Առաջնահերթ խնդիր է Գլխավոր շտաբի ակադեմիայի բացման հնարավորությունը, որը դրված է, և շուտով դրա պտուղները կունենանք: Բանակի խնդիրներից է՝ ժամանակակից տեխնիկայով հարստացնելով, ռազմաստրատեգիական առումով, ինչքան հնարավոր է՝ ճիշտ ժամանակին կարողանալ ապահովել բանակի և ժողովրդի անվտանգությունը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս