«Երեխաներս փոքր էին, իսկ խեղճ մորս էլ խաբեցի, թե ինձ գործուղել են Ջերմուկի հանգստյան տանն աշխատելու, ու գնացի Մարտակերտ». Աիդա Սերոբյան

«Բանակի օրը մենք միշտ հպարտ ենք դիմավորում, թեկուզև հենց այն մտքից, որ մենք ազատագրական ջոկատներում մարտնչում էինք, և այդ մարտերին զուգընթաց՝ հիմնադրվեց մեր բանակը: Հպարտ ենք, որ մեր լուման ենք ներդրել այսպիսի հզոր, մարտունակ, այսպիսի կազմակերպված բանակ ունենալու համար, և պարտիզանական ջոկատներից հետո մեխանիկորեն մենք դարձանք այս հրաշալի Հայոց բանակի առաջին զինվորները»,- Հայոց բանակի օրվան նվիրված ասուլիսի ընթացքում ասաց «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանը:

Նա պատմեց, թե ինչպես է գնացել ռազմաճակատ.

«Ես բուժաշխատող էի, հեռուստատեսությամբ լսեցի, որ Արցախը բուժաշխատողների կարիք ունի, որոշեցի մեկնել Արցախ: Չնայած՝ երեխաներս փոքր էին, խեղճ մորս էլ խաբեցի, թե ինձ գործուղել են Ջերմուկի հանգստյան տանն աշխատելու, գնացի Մարտակերտ, որտեղ ամենածանր վիճակն էր ու որտեղ շատ բուժաշխատողների կարիք կար: Այնտեղ ոտքից վիրավոր զինվորը մահանում էր, որովհետև չգիտեին՝ ժգուտը վերքից պետք է դնե՞լ, թե՞ ներքևից: Այդպես ես անմիջապես ընդգրկվեցի Թաթերք գյուղի պարտիզանական ջոկատում»:

Աիդա Սերոբյանն ընդգծեց՝ այնտեղ բոլորը զինված էին, բոլորի ձեռքին ավտոմատ կար.

«Հո բժիշկը չի՞ նստելու-սպասի՝ մարտը գնում է, ով երբ կվիրավորվի, որ վազի առաջին բուժօգնություն ցույց տա: Զենքը ձեռքին մարտնչում է, վիրավոր է լինում՝ ավտոմատը դնում ես ներքև, վիրակապում, վիրավորի կյանքին վտանգ է սպառնում՝ անձամբ տեղափոխում ես դաշտային հոսպիտալ»:

Նա ասաց, որ իրենք օրինակ են վերցրել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններից: Հիշում է, որ երբ փոքրիկ երեխա էր, շատ էին Հայրենական պատերազմի մասին ֆիլմեր ցույց տալիս, ու երբ տեսնում էր՝ կին բուժաշխատողներն ինչպես էին մարտնչում, ինչպես էին փրկում, վշտանում էր՝ ինչո՞ւ ես ծնված չեմ եղել, ես էլ կգնայի, ես էլ նույնը կանեի.

«Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, և ես՝ առաջիններից մեկը, մեկնեցի մարտադաշտ, հասկացա, որ իզուր չէի այդպես վշտանում: Մեր բոլորի պարտքն է պաշտպանել հայրենիքը, բնավ կապ չունի՝ կի՞ն է, թե՞ տղամարդ: Պատկերացրեք, որ մենք՝ ազատամարտիկներս, կամավոր չգնայինք, Էլչիբեյն ասում էր՝ ոտքերս լվանալու եմ Սևանա լճում, ու կլվանար, եթե չլինեին կամավոր ազատամարտիկները: Իսկական երկրապահները նրանք են, ովքեր, երբ Հայաստանն ու Արցախը բանակ չունեին, թողնելով իրենց ընտանիքը, երեխաներին, խաղաղ կյանքն ու աշխատանքը՝ մեկնեցին պատերազմի դաշտ: Այն ժամանակ զենք էլ չկար, երբ մենք պոստեր էինք գնում, որսորդական հրացանով էինք պոստին կանգնում, ի՞նչ կար ձեռքներիս, իսկ երբ գալիս էին մեզ փոխելու, մենք մեր ձեռքի զենքը տալիս էինք այդ անզեն մարդկանց ու անզեն վերադառնում: Իսկ գիտե՞ք՝ անտառներում ինչքան են մինչև ատամները զինված ադրբեջանցիները դուրս եկել անզեն զինվորների դիմաց»:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշի, նա պատասխանեց.

«Պատերազմի դաշտում չես նայում՝ ինչն է հետաքրքիր, կամ չես գնում այնտեղ հատուկ հումոր անելու, բայց ինքնըստինքյան դա ստացվում է, օրինակ, երբ ես մի վիրավորի ոտքը վիրակապում էի (նրա ոտքի թաթը բեկորը կտրել էր, ու կոշիկի հետ կախված էր), ադրբեջանցիների դիպուկահարներն էլ աշխատում էին մեզ վրա, հրանոթներից էլ էին կրակում, ես այդտեղ կատակ անելու ժամանակ հո չունեի՞, ես ուղղակի նրան հույս տալու համար ասացի՝ ոչինք, այ մատաղ, ոչինչ, էս մի ոտքիդ կոշիկը «Դետսկի միրից» կառնես: Ես հո կատա՞կ չեմ անում, ես իրեն հույս եմ տալիս, որ ոչ մի սարսափելի բան չի եղել, որ նմանատիպ բաներ շատ են եղել պատերազմի դաշտում»:

«Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն էլ մի դրվագ հիշեց՝ Աիդա Սերոբյանի հետ կապված.

«Երբ զինվորներից մեկը մեծ տրամաչափի զենքից վիրավորվել ու արդեն թավալվում էր, ես Աիդային ասացի, որ օգնի, նա զենք ուզեց, որ գնա վրեժը լուծի՝ ասելով, որ վիրավորն արդեն մահացել է, ու միակ փրկությունն իրեն խփողին խփելն է: Մեր Մուրադի հետ (Մուրադն արդեն մահացել է) երեք հոգով բարձրացան ձախ կողմից, Շուշիի բարձունքից, ու շրջանցելու ժամանակ թշնամուց 4 հոգի, այդ թվում ՝ ուկրաինուհի դիպուկահար, հարձակվում են նրանց վրա: Այդ ժամանակ Աիդան արդեն նշանի տակ է առնում մի թուրքի, որ խփի, իսկ Մուրադը տեսնում է, որ 4-ն են, ու նրանցից մեկը պատրաստվում է Աիդային խփել, և չորսին էլ ոչնչացնում է: Աիդան հասցնում է մի կրակոց անել, բայց տեսնում է՝ իր առջևի թուրքը խփված է: Նա եկավ, ասաց, որ՝ Մուրադին պատժեմ, հարցնում եմ՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ իմ առջևի թուրքին խփել է, բա սա մա՞րդ է, չթողեց՝ իմ վրեժը լուծեմ»:

Տեսանյութեր

Լրահոս