«Չպետք է հույս դնել միջազգային կառույցների վրա». Դավիթ Բաբայանը` ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության մասին
«Ադրբեջանը հարմար առիթի դեպքում կվերսկսի իր խավիարի հոսքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով ԵԽ ԽՎ լիագումար նիստին, որի օրակարգում երկու հակահայ բանաձև:
Նշենք, որ քվեարկության ընթացքում բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած բանաձևը չընդունվեց, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հավանության արժանացավ ԵԽԽՎ-ի կողմից և ընդունվեց:
Նա նշեց, որ քվեարկությունը երկակի է գնահատում: Բաբայանի գնահատմամբ, այն, որ Ուոլթերի խայտառակ բանաձևը չընդունվեց՝ ողջունելի է: «Սակայն այս ողջ գործընթացը մենք չենք դիտարկում Ադրբեջան-Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների, այլ ժողովրդավարություն-կաշառակերություն, առաջադիմություն-բռնապետություն հակասությունների տեսանկյունից: Այն, որ մի խայտառակ բանաձև մերժվեց, մյուսն` ընդունվեց, ինչպես բազմիցս նշել եմ, ցույց է տալիս, որ ԵԽ ԽՎ-ում և եվրոպական կառույցներում կան լուրջ խնդիրներ, երբ կոռուպցիոն ռիսկերը ներթափանցում են ԵԽ ԽՎ և այդ կառույցը դարձել է Բաքվի կամ արևելյան շուկայի տաղավարներից մեկը, որտեղ ամեն ինչ գնվում և վաճառվում է: Չենք ցանկանում, որ հեղինակավոր կառույցը հեղինակազրկվի: Այնուամենայնիվ պետք է շնորհակալություն հայտնենք մեր բոլոր բարեկամներին, որոնք Ուոլթերի զեկույցի դեմ են քվեարկել: Սակայն պետք է երկու բանաձևերն էլ մերժվեին»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա, եզրակացությունն այն պետք է լինի, որ նման իրավիճակներ դեռ ծագելու են: «Չնայած Ադրբեջանը դժվար ֆինանսական վիճակում է, եթե կարողանա այդ վիճակից դուրս գա, պետք է շարունակի իր խավիարի հոսքը: Այս ամենը ցույց է տալիս մեկ պարզ ճշմարտություն, որ չի կարելի հույսը դնել որևէ միջազգային կառույցի վրա, մենք պետք է լինենք ուժեղ և համախմբված և մեր ապագան մեր ձեռքերում է: Եթե կա այսպիսի զինատյաց ռոմանտիզմ, դա միմիայն վատ երևույթների է բերելու: Աշխարհը բարդ վիճակում է, պետք է սառնասրտորեն նայենք գործընթացներին, լինելով ուժեղ և համախմբված»,- նշեց Բաբայանը: