
«Օպերային թատրոնը պետք է ունենա գլխավոր դիրիժոր». Քշիշտոֆ Պենդերեցկի

Մեծանուն դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ երեկ մամուլի ասուլիսի ընթացքում բանախոս, կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև պատերազմական շրջանում Լեհաստանում անցկացրած իր տարիներին:
«Ապրելով Լեհաստանում պատերազմի տարիներին ու դրանից հետո՝ Ռուսաստանի օկուպացիայի ժամանակ, ես փորձել եմ գրել նաև ռեքվիեմ: Իմ հեղինակած ամենակարևոր ստեղծագործությունները որևէ իրավիճակի հետ կապ չունեն, որովհետև երաժշտությունն աբստրակտ է»,- ասաց պարոն Պենդերեցկին:
Անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարեվերջին տեղի ունեցած, այսպես կոչված կառուցվածքային փոփոխություններին, որի արդյունքում թատրոնում լուծարվեց գլխավոր դիրիժորի հաստիքը, մեծանուն երաժիշտն այսպես մեկնաբանեց. «Ես այստեղ չեմ ապրում և երևի ես չեմ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին, բայց երևի այդպես չպետք է լինի: Օպերային թատրոնը պետք է ունենա գլխավոր դիրիժոր»: Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսը նվիրված էր Երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին: Ասուլիսին ներկա էին նաև թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, ջութակահարներ Հայկ Կազազյանը, Յուկա Ցուբոյը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: