Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Տեր Վրթանես Բաղալյանն է. «Խաչագողի հիշատակարանը»

«Կադրերի բաժին N 168»-ն այս անգամ լսել և ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչ, Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի կինոառաջարկը: Հոգևոր հովիվն ընթերցողներին առաջարկում է դիտել հայրենական արտադրության մի ֆիլմ, որ, ըստ վերջինիս մեկնաբանության, շատ բնորոշ է մերօրյա կյանքին:

«Ձեր ընթերցողներին կառաջարկեմ դիտել հայ մեծանուն վիպասան Րաֆֆու համանուն վեպի վրա նկարահանված   «Խաչագողի հիշատակարան» ֆիլմը, որ ցույց է տալիս այսօրվա իրականությանը բնորոշ մի շարք արատավոր երևույթներ՝ արտագնա աշխատանքի հետևանքների, բարոյական խեղաթյուրված արժեքների անկման, խեղված ճակատագրերի մասին:

Ter Vrtanes

Այս ֆիլմում ինձ հատկապես դուր է եկել պատմական միջավայրի վերաստեղծման հաջողված փորձը, կարծում եմ՝ դերասանական խաղն էլ լավ է ստացվել: Ցանկացած ֆիլմ պետք է բարոյական և դաստիարակչական ասելիք ունենա: Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսի մեջ կարեկցանք, բարոյական արժեքների կորուստի երկյուղ պիտի առաջանա: Այսօր ստեղծվող արվեստի գործերից, այդ թվում՝ նաև հայկական արտադրության ֆիլմերից, Սերը պիտք է զորանա մարդկանց, կենդանիների նկատմամբ: Ես կուզեի՝ ֆիլմեր նկարվեին բարության, մարդասիրության, հոգևոր իրական արժեքների, արդարության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, բարոյական և օրինակելի մարդկանց կյանքի, ազգային և քրիստոնեական արժեքների մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Օձուն համայնքի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Xachagox (1) Xachagox (4) Xachagox (5) Xachagox (3)

Այսպիսով, մեր ընթերցողներն այս շաբաթ կարող են մեկ անգամ ևս վերանայել հայկական արտադրության արկածային ժանրի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Խաչագողի հիշատակարանը», որ պատմավիպասան Րաֆֆու համանուն հանրահայտ վեպի էկրանավորման փորձն է՝ իրականացված Հանրային հեռուստաընկերության կողմից՝ 2010 թվականին: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը` Արտակ Արզումանյանը, երաժշտության հեղինակը` Հայկոն:

Xachagox (6) Xachagox (2)

Գլխավոր դերերում նկարահանվել են Սամվել Թոփալյանը (Մուրադ), Հրաչյա Հարությունյանը (քավոր Պետրոս), Նազենի Հովհաննիսյանը (Նենե), Խորեն Լևոնյանը (Րաֆֆի), պրոդյուսերներն են Մամիկոն Չատինյանն ու Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի մի քանի մարզերում, Բուխարա քաղաքում, Վրաստանում, Ռուսաստանում: Պարսիկներին մարմնավորող կերպարներում ներգրավվել են ազգությամբ ուզբեկ դերասաններ, ռուսներին մարմնավորել են ռուս դերասանները: Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արկածային ժանրում է, իսկ հեռուստատեսային տարբերակը բաղկացած է մի քանի  սերիայից։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս