
Հայկական անվանումով ադրբեջանական անգո գյուղեր՝ միջպետական ճանապարհին

Նախկինում tesankyun.am-ը գրել էր, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ հատվածում տեղադրված է Վերին Ոսկեպար գյուղի անվանումով ցուցանակ: Վերին Ոսկեպար գյուղ երբեւէ չի եղել, նշված տարածքում մինչեւ 1992թ. հունիսի 8-ը, մինչեւ Ադրբեջանի տարածք տեղափոխվելը, ապրել են Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող, վարչականորեն Ադրբեջանի մաս կազմող Յուխարի Աքսիբարա գյուղի բնակիչները:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակին գրված է ՝ Ն. Ոսկեպար, այսինքն՝ Ներքին Ոսկեպար: Ներքին Ոսկեպար անունով գյուղ չի եղել, եղել է ադրբեջանական Աշաղի Աքսիբարա գյուղ , մարտական գործողությունների հետեւանքով 1992թ. հունիսի 14-ին այդտեղից բնակչությունը հեռացել է: Հիմա այդ գյուղի տարածքում ադրբեջանական հենակետեր են: Ուշագրավ է, որ նշված ցուցանակին միջպետական ավտոճանապարհից դեպի աջ, դեպի Ն. Ոսկեպար ցուցանող, ականապատ գոտի տանող սլաք է եղել, սակայն հետո այն ջնջել են:
Միջպետական ավտոճանապարհով ամեն օր երթեւեկում են հարյուրավոր ավտոմեքենաներ, անցնում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ,սակայն վերջիններս երեւի չեն տեսնում վերոհիշյալ ցուցանակին գրված, ադրբեջանական գոյություն չունեցող գյուղերի հայկական անվանումները: