Արցախում առատ ձյան պատճառով մի շարք ներհանրապետական երթուղիներ չեն սպասարկվել
Վերջին օրերին հանրապետության տարածքում տեղացող առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրեն Լևոն Գաբրիելյանը` նշելով, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չի իրականացվել Հադրութ, Ազոխ, Ավետարանոց, Խնձրիստան, Բերձոր, Կովսական, Հաթերք և Խնուշինակ երթուղիները:
Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրենի հավաստմամբ՝ ըստ չվացուցակի սպասարկվել են միջպետական բոլոր երթուղիները։
Ներհանրապետական մի շարք ճանապարհահատվածներում իրականացվում են ձնահեռացման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրել է «Արցախուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ Սամվել Հայրունցը:
«Վաղ առավոտից աղցան մեքենաներ են մեկնել և համապատասխան աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Դրմբոն-Գետավան-Մարտակերտ, Ստեփանակերտ-Ննգի, Ստեփանակերտ-Հադրութ, Քարվաճառ ճանապարհահատվածներում»,- ասել է Ս. Հայրունցը:
Իսկ առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումնառատ եղանակը կպահպանվի: ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությսւնից հայտնեցին, որ հունվարի 27-ին և 28-ին հանրապետության տարածքում օդի միջին հարաբերական ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով, իսկ հունվարի 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: