Բաժիններ՝

«Երաժշտարվեստում ես արել եմ այն, ինչ պետք է անեի, և ուզում եմ իմ մնացած ժամանակը նվիրել երիտասարդներին». Քշիշտոֆ Պենդերեցկի

Այսօր տեղի ունեցավ մեծանուն դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը, որ նվիրված էր Երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին: Ասուլիսին ներկա էին նաև թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, ջութակահարներ Հայկ Կազազյանը, Յուկա Ցուբոյը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

«Ես կցանկանայի շնորհավորել Սերգեյին այսպիսի հրաշալի նվագախումբ ստեղծելու համար: Երիտասարդական նվագախմբի հետ ես ներկայացել եմ արդեն մի քանի անգամ և ամեն անգամ նկատել եմ նվագախմբի աճը: Ես ուրախ եմ, որ նա կարողացել է հաջողացնել դա»,- ասաց ասուլիսի գլխավոր բանախոս, հանրահայտ երաժիշտ Քշիշտոֆ Պենդերեցկին:

Պարոն Պենդերեցկին ընդգծեց, որ շատ հետաքրքրված է երիտասարդ երաժիշտներով ու նրանց հետ աշխատելու առաջարկներով. «Լեհաստանում ես հիմնում եմ մի կենտրոն, որը պատրաստվում է մեծ ներդրում ունենալ երիտասարդ երաժիշտների համար: Ես շատ-շատ եմ աշխատել հայտնի և կայացած նվագախմբերի հետ, բայց, կարծում եմ՝ շատ կարևոր է չընդհատվող շփումներ պահպանել նաև երիտասարդ երաժիշտների հետ, ինչն էլ ես արել եմ իմ ամբողջ կյանքում: Կարծում եմ՝ երաժշտարվեստում ես արել եմ այն, ինչ պետք է անեի, և ուզում եմ իմ մնացած ժամանակը նվիրել երիտասարդներին»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին՝ եթե նրան հարցնեն՝ ո՞րն է եղել 2016 թվականին նվագախմբի ամենագլխավոր ձեռքբերումը, ապա նա կասի, որ դա Քշիշտոֆ Պենդերեցկու այցն էր՝ նվագախմբի 10-ամյա հոբելյանին, նա պատասխանեց՝ միանշանակ՝ այո´:

Կարդացեք նաև

Նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգում, որ տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլլայի, Նիկոլա Պիովանիի ստեղծագործությունները:

Որպես մենակատարներ՝ հանդես կգան ջութակահարներ Աստղիկ Սիրանոսյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ակորդեոնահար-բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը:

Անդրադառնալով նվագախմբի 10-ամյա հոբելյանին նվիրված մեծ համերգին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց. «Այսօր մեր նվագախմբի համար ամենակարևոր օրերից մեկն է, և մաեստրո Պենդերեցկին մեզ հետ է: Երևի սա մեր նվագախմբի համար մեծագույն պատիվն էր, որ կարող էինք ունենալ: Երաժշտի կյանքում երևի ամենակարևոր բանն այն է, որ նա իմանա, վստահ լինի, որ ինչ-որ բան կարող է փոխել, և, կարծում եմ, մենք մեր գործունեության տասը տարիների ընթացքում շատ մեծ բան կարողացանք փոխել մարդկանց մեջ՝ դասական երաժշտության ընկալման առումով: Մենք երազում ենք ու պետք է շարունակենք երազել, որ կարող ենք նոր մի բան ստեղծել, որովհետև մենք այն Հայաստանի ծնունդն ենք, որը անկախ է և հաղթող»:

Հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Ք. Պենդերեցկին անդրադառնալով իր ծրագրերին՝ ասաց. «Այս պահին ես աշխատում եմ միաժամանակ մի քանի ստեղծագործությունների վրա: Այս պահին ես պայմանագիր ունեմ նաև Վիեննայի պետական Օպերային տան հետ՝ իրենց համար օպերա եմ գրում, որ կկոչվի «Ֆեդերա»: Գաղտնիք չէ, որ ես մշտապես սիմֆոնիկ երաժշտության սիրահար եմ եղել ու հիմա էլ չեմ դադարում այդ ուղղությամբ աշխատանքները»:

Այսօր, ասուլիսից անմիջապես հետո «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆրանսիական «+7Art Film Media» ընկերության կողմից նկարահանված՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին նվիրված «Նվագախմբի ձայնը» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Անցած 10 տարիների ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ունեցել է մեծ ձեռքբերումներ, բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս: Նվագախումբը ստեղծագործական սերտ համագործակցություններ ունի աշխարհահռչակ այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Վլադիմիր Սպիվակովը, Մաքսիմ Վենգերովը և այլք: Երիտասարդական նվագախումբն անդամակցում է նաև երաժշտական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող մի շարք կազմակերպությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս