«Եթե մարդ դատվեց այս գործով, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու». պաշտպան

Նա, ով մեղք ունի ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հետ կապված, խստագույնս պետք է պատժվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի, Մերի Մարգարյանի մահվան գործով կասկածյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Նա նշեց, որ թե՛ իրենք, թե՛ Շուշանիկ Բախշյանը, թե՛ նրա ընտանիքը ցավակցություն են հայտնում Մերի Մարգարյանի ընտանիքի անդամներին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դժբախտ դեպք է պատահել, սակայն «մենք մեղավոր չենք փնտրում, մենք փնտրում ենք մեկին, որի անունը նույնիսկ նորմալ չգիտենք, ընտրել ենք, չգիտես՝ ինչու, Շուշանիկ Բախշյանին, մենք արդարարությո՞ւն ենք փնտրում, թե՞ պարզապես զոհ ենք փնտրում».

«Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի այդ տանջված ընտանիքը, որն ապագա տարիների ընթացքում, իրոք, լինելու է սգի մեջ, անմեղ զոհ է ուզում, այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում, իրոք, պետք է բացահայտվի»:

Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ 2015թ. օգոստոսի 1-ից Շուշանիկ Բախշյանը երկու անգամ կամավոր ներկայացել է Քննչական կոմիտե՝ առանց ծանուցագրի: Պաշտպանի խոսքով՝ Շուշանիկ Բախշյանը ցուցմունք է տվել: Ըստ Ալեքսանդր Սիրունյանի՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունն ապօրինի է եղել: Նա նշեց, որ կոռեկությունն անցել է՝ նշելով, որ քննիչը փախել է.

«Ներողություն եմ խնդրում, եթե անձինք վիրավորվել են, բայց ճար չունեինք: Այն աստիճանի ճար չունեինք, որ ժամը 4-ին դատարանն ազատ արձակման որոշում է կայացնում, դատարանի շենքից չենք կարողանում դուրս գալ: Բա ի՞նչ պիտի անեմ»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ մինչև Սահմանադրության փոփոխությունը նման նորմ չի եղել, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը վիճարել դատարանում, բողոքը դատարանը պետք է ըստ էության անհապաղ քննի: Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ հունվարի 22-ին իրենք կամավոր ներկայացել են քննչական կոմիտե, նախորդ օրը քննիչն իրենց հայտնել է, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որ իրենք ներկայանան՝ դրան ծանոթանալու համար:

Նա ասաց, որ հունվարի 22-ին ներկայացել են քննչական կոմիտե, սակայն առանց որևէ քննչական-դաավարական գործողություն իրականացնելու Շուշանիկ Բախշյանին ձերբակալել են: Մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները՝ նա նշեց, որ ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է: «Իրոք, այդ վտանգը քննիչն ուներ, wր Շուշանիկ Բախշյանը պիտի փախչի՞: Չուներ, այն աստիճանի չուներ»:

Փաստաբանն ասաց, որ ձերբակալումը հանցանք կատարելու մեջ անմիջական կասկածանքի հիման վրա կատարվում է այն դեպքում, եթե նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարողի, տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր, սակայն սրանցից ոչ մեկը չի եղել:

Նրա խոսքով՝ Շուշանիկ Բախշյանն ԱՄՆ մեկնելու անժամկետ վիզա ունի, բայց լինելով վկա՝ դիմում է գրել և հայտնել, որ մեկնում է արտերկիր, բայց վերադառնալու է: Նրա խոսքով՝ հունվարի 22-ը պատահական ընտրված չի եղել, քանի որ «նրանք չէին սպասում», որ ձերբակալման դեմ բողոքը դատարան կհասցնեն դատարանը փակվելուց 20 րոպե առաջ. «Իրենց հույսը հետևյալն էր՝ ուրբաթ ձերբակալեինք, շաբաթ-կիրակի չի աշխատում, ոչինչ, երկուշաբթի տանում ենք, ժողովրդի լեզվով ասած, սանկցիայի»:

Մեր հարցին՝ արդյոք Շուշանիկ Բախշյանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է՝ Մերի Մարգարյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում սխալ կամ բացթողում թույլ տվե՞լ է, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Խոսքս հիմա էլ հիշեք: Եթե մարդ դատվեց այս գործով, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու: Խախտում եմ հիմա «Փաստաբանության մասին» օրենքը, հրապարակային էլ արգելված բան եմ անում, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս